Սեուլը 10 մլրդ դոլար կհատկանցնի կորոնավիրուսի դեմ պայքարին և տնտեսության օժանդակմանը
Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշել է 11,7 տրիլիոն վոն (9,91 միլիարդ դոլար) տրամադրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ գործարարության եւ քաղաքացիների աջակցման համար, որպեսզի նվազագույնի հասցվի տնտեսության համար հետեւանքները եւ պահպանվի դրա աճի ազդակը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը, հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ընդհանուր գումարից 2,3 տրիլիոն վոն կհատկացվի լրացուցիչ բժշկական սարքավորանքի, մահճակալների գնումներին եւ հիվանդների բուժման լրացուցիչ հնարավորությունների ապահովմանը:
Առաջարկված միջոցառումները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: Պատգամավորներն առաջարկությունների այդ փաթեթը կստանան մարտի 5-ին:
Մարտի 4-ի առավոտվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 5328-ի, մեկ օրում դրանց քանակն ավելացել է 516-ով: Մահացել է 33 հիվանդացած, հիմնականում տարեց մարդիկ: Առայժմ վարակի տարածման դանդաղման նշաններ չեն երեւում: Ներկայում երկիրը վարակվածների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո:
Չինաստանում համաճարակը, որը հանգեցրել է շատ արտադրությունների աշխատանքի դադարեցման եւ ընդհատել մատակարարումների շղթան, ազդել է Հարավային Կորեայի մի շարք ընկերությոնների վրա, որոնք նույնպես հարկադրված են եղել դադարեցնելու աշխատանքը: Նաեւ երկրում կտրուկ կրճատվել են սպառողական ծախսերը:
Փետրվարին Հարավային Կորեայի կառավարությունը տնտեսության օժանդակման համար 20 տրիլիոն վոն է հատկացրել պետական հիմնադրամներին՝ գործարարությանն էժան վարկերի տրամադրման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: