Մեծ Բրիտանիայում մետաղադրամ են թողարկել Ջեյմս Բոնդի պատվին

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը յոթկիլոգրամանոց ոսկեդրամ է վաճառքի հանել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման նախաշեմին: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

9 հազար դոլար (7 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ մետաղադրամի վրա պատկերված է գործակալի Aston Martin DB5 ավտոմեքենան՝ BMT 216A համարանիշով եւ նրա ատրճանակով: 185 միլիմետր տրամագծով դրամանիշն «ամենախոշոր մետաղադրամն է բրիտանական դրամահատարանի ավելի քան հազարամյա պատմության ընթացքում», նշում է հեռուստաալիքը:
Բոնդի արկածների երկրպագուները նաեւ կկարողանան ձեռք բերել ավելի «բյուջետային» 2,6 հազար դոլար (2 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ ոսկեդրամ:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը, որը Մեծ Բրիտանիայի էկրաններին կհայտնվի ապրիլի 2-ին, բոնդապատումի վերջին ֆիլմը կլինի 52-ամյա դերասան Դենիել Քրեյգի համար, որն արդեն նկարահանվել է MI6 բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության նշանավոր գործակալի մասին հինգ կինոնկարում: Անգլիացին գերազանցել է Ռոջեր Մուրի (1927-2017 թթ.)՝ որպես այն դերասանի ռեկորդը, որն ամենից երկար է էկրանին մարմնավորել գաղտնի ծառայության գերլրտեսի կերպարը:

007 գործակալի արկածների մասին «Դոկտոր Նոու» վերտառությամբ առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1962 թվականին: Բոնդապատումի՝ ներկա դրությամբ վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ-ը», համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար: Կինոսերիայի ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցում են 10 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս