«Բալայանն իրավաբան է և շատ լավ գիտի իր խոսքերի սահմանը». Արծրուն Հովհաննիսյան
Իրավապաշտպաններն այսօր հայտարարություն են տարածել՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից պահանջելով ներողություն խնդրել՝ իրենց սպառնալու համար:
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով բանակում արձանագրված ոչ մարտական մահվան դեպքերին և տիրող իրավիճակին, Բալայանը նշել էր, որ իրավապաշտպանները «քայքայիչ գործունեություն են իրականացնում», զոհված զինծառայողների հարազատներին «որոշակի գործողությունների հրահրում»:
Իրավապաշտպանները պահանջում են նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարը քննարկի փոխնախարար Գաբրիել Բալայանի վարքը, հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկի կարգապահական պատասխանատվության:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանության փոխնախարարը հասցեական որևէ մեկին չի վիրավորել, որևէ անուն չի տվել, հետևաբար՝ աբսուրդ է նման տոնով արձագանքելը:
«Երկրորդ՝ փոխնախարար Բալայանը որևէ նորություն չի ասել, մենք տարիներ շարունակ ասել ենք և արձանագրել, որ կան մարդիկ, այդ թվում՝ իրավապաշտպաններ, որոնք հաճախ սգի, ողբի, կորստի ցավի վրա ինքնահաստատվում են: Վերջին շրջանում մենք նույնիսկ ծնողներից, հարազատներից ենք ստացել բողոքներ, որ գնում են, մտնում իրենց տները՝ թարմ տեղի ունեցած դեպքերի հետքերով, և սկսում են հորդորել, անգամ ֆինանսական պահեր են օգտագործում, որ՝ չհամաձայնեք պաշտոնական վարկածներին, որովհետև դրանք միշտ կեղծ են, ձեզ խաբում են, և նմանատիպ բաներ, որոնք մենք համարում ենք միջամտություն, խառնակչություն»,- նշեց նա:
Ի պատասխան հակադարձմանը՝ եթե իրավապաշտպանները փոխնախարարին որոշեն դատի տալ, Արծրուն Հովհաննիսյանը կրկնեց՝ Գաբրիել Բալայանը որևէ մեկի անունը չի նշել, որևէ մեկին անձնապես չի մեղադրել և վիրավորել:
«Նա իրավաբան է և շատ լավ գիտի իր իրավունքները, խոսքերի սահմանը»,- ընդգծեց Հովհաննիսյանը: