Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է կորոնավիրուսի տարածում կանխելուն։ Գրառման մեջ ասվում է.
«Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ
1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ՝ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»։