
Հարգելի «Այո՛»-ի կողմնակիցներ, օրինակ` դուք գիտե՞ք, թե ո՞րն է կամ ովքե՞ր են «Նոր Հայաստանին հարիր ՍԴ նոր դատավորները». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առնվազն արդար չէ, գնալ հանրաքվեի խոշոր հաշվով ՍԴ 7 դատավորի գործից հանելու նպատակով՝ չիմանալով նույնիսկ այն դատավորների անունները, ովքեր պետք է նրանց փոխարինեն: Եթե ողջ քարոզչաքաղաքական լիրիկան, որը քաղաքագիտության և իրավագիտության տեսանկյունից վտանգավոր անգրագիտություն է՝ թողնենք մի կողմ, ապա իշխանությունները պետք է գոնե «Այո՛»-ի և «Ո՛չ»-ի միջև ընտրություն կատարալու առաջարկից բացի, ինձ՝ որպես «համեստ» քաղաքացի և պոտենցիալ որոշում ընդունող ընտրողիս, ցույց տան և հիմնավորեն, թե ես ինչը՝ ինչով եմ պատրաստվում փոխել:
Այլ կերպ ասած՝ հարգելի «Այո՛»-ի կողմնակիցներ, օրինակ՝ դուք գիտե՞ք, թե իշխանության քարոզչա-բառամթերքով ասած ո՞րն է կամ ովքե՞ր են «Նոր Հայաստանին հարիր ՍԴ նոր դատավորները»: Թե՞ Ձեզ հետաքրքրում է միայն «հներին» կամ «նախկիններին» գործից հանելու կույր ցանկությունը, ինչը օրինականության և սահմանադրականության հետ խորը խնդիրներ ունի: Մինչդեռ, այն Ձեզ մատուցվում է որպես «որոշող դառնալու» հնարավորություն: Հուշեմ, որոշողը պետք է ունենա ընտրության հնարավորություն, իսկ այդ ընտրությունը Ձեզ մատուցվում է, որպես նեղ «Ա՛յո» կամ «Ո՛չ»:
Ես իրոք ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ն «Այո՛» և ինչի՞ն «Ո՛չ»: «Դուխով» և «հպարտ» լինելը կարող է լավ բան է՞: Չգիտեմ, բայց ես կնախընտրեի, որ մենք լինեինք գոնե պատասխանատու և գիտակից: Դեռևս չեմ խոսում իրավագիտակից և վերահսկող լինելու կարևորության մասին:
Եթե մի քիչ էլ խտացնեմ գույները, ապա կարելի է ասել, որ դուք հարգելի՛ քաղաքացիներ, ի դեմս Ձեր ձևավորած Աժ-ի, արդեն ընտրել եք և նշանակել ՍԴ դատավոր մի մարդու, ով չի աշխատում: Սակայն ստանում է աշխատավարձ՝ մեր վճարած հարկերից և այդ հանգամանքը չի հետաքրքրում նրան ընտրած ԱԺ մեծամասնությանը, իսկ վարչապետն այդ շատ նուրբ հանգամանքի մասին հրապարակայնորեն հայտնեց իր «անտեղյակ» լինելու մասին: Սա է «Նոր Հայաստանի» ողջ ժողովրդավարական սյուրռեալիստական պերճանքը»: