2018-ին փողոց փակած բժիշկներն այսօր վարչապետին խնդրում են կանխել նախարար Թորոսյանի ճնշումները
Այսօր առավոտյան ժամը 11-ից Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի ավելի քան 100 աշխատակցի այդպես էլ չհաջողվեց հասնել իրենց նպատակին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան ներկայացնել փաստարկված մասնագիտական տեղեկատվություն կենտրոնի վիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՁԻԱՀ-ի կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։
Վերջինս նշեց, որ կառավարության հունվարի 30-ի որոշումը, որով նախատեսվում է իրենց կենտրոնը միավորել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցին, 2200-ից ավելի հիվանդների՝ ցմահ բուժում ստանալու իրավունքը վտանգի է ենթարկում, իսկ եթե դրան գումարվում են յուրաքանչյուր տարի ՄԻԱՎ-ի վարակի 450-ից ավելացող դեպքերը, ապա արդյունքում կանգնելու ենք ՄԻԱՎ վարակի տարածվածության լրջագույն խնդրի առաջ։
Պապոյանի խոսքով՝ իրենց բժշկական կենտրոնը միավորելու Կառավարության որոշման հիմքում չկա գեթ մեկ մասնագիտական վերլուծություն, ու քանի որ նախարար Արսեն Թորոսյանը չի կարողանում խնդիրը մասնագիտական դաշտում լուծել, այն տեղափոխում է անձնական դաշտ։
«Առողջապահության նախարարությունը ներկայացնում է խնդրահարույց մի որոշում, որը մասնագետներս տեսնելով՝ չենք ընդունում, որից հետո նախարարը հարցը տանում է անձնական դաշտ։ Տեսեք, եթե նախարարի համար մասնագետների կարծիքը կարևոր լիներ, ապա այսօր ժամերով Կառավարության շենքի առջև կանգնած էինք, կարող էր իջնել և մեզ լսել»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ նախարար Արսեն Թորոսյանի և իրենց կենտրոնի լարվածության պատճառը նաև այն է, որ նախարարին դուր չի գալիս, որ իրենք և՛ ԶԼՄ-ների, և՛ իրենց ֆեյսբուքյան էջերով բարձրաձայնում են խնդիրները։
«ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները փողոցներ են փակել, եղել են Փաշինյանի կողքին, գնացել են մինչև վերջ, և հիմա սպասում ենք, որ վարչապետը լսի մեր ձայնը և դադարեցնի այն ճնշումները, որը Առողջապահության նախարարությունը փորձում է գործադրել մեզ վրա։ Մենք կուռ կոլեկտիվ ենք, պատրաստ ենք մինչ վերջ գնալ և պատրաստ ենք ապացուցել, որ մենք ճիշտ ենք»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Կառավարությունը ետ չի կանգնել իր որոշումից։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում