Չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը. Ղարիբաշվիլի
Հայաստանը և Վրաստանն անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար, և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում. Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա տեղեկացրեց, որ վրաց գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանական բնագավառի միջոցառումներ՝ ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանություն, խաղաղապահություն, լեռնային պատրաստություն:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնել՝ դրա մեջ ներառելով մեր երկկողմանի ծրագրերը: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց ժողովրդավարության և արժեքային համակարգերը, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները և ձգտում են իրենց ուրույն տեղն ունենալ ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գաղափարում»,- շեշտեց Տոնոյանը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հաստատեց՝ երկու երկրների միջև կա հարյուրամյակների բարիդրացիական հարաբերություններ և փոխադարձ հարգանք:
«Մենք շատ հետաքրքիր և խորը քննարկում ենք ունեցել մեր հանդիպման ընթացքում: Քննարկել ենք տարբեր հարցեր երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերի համատեքստում, ինչպես նաև՝ կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք համաձայնել ենք, որ չկա այլընտրանք մեր զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը և տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- ընդգծեց Ղարիբաշվիլին՝ հավելելով՝ նախարարների, վարչապետների և նախագահների մակարդակով երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Վրաստանի պաշտպանության նախարարն ուրախությամբ տեղեկացրեց, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ–ի անդամ երկրների և գործըկներների Noble Partner 2020 բազմազգ զորավարժություններին, որոնք ծրագրվում է անցկացնել Վրաստանում:
«Հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի նաև ապագայում ակտիվորեն մասնակցել նմանատիպ զորավարժություններին»,- շեշտեց նա: