Բացակայությունների ո՞ր տոկոսի դեպքում են հավելյալ միջոցառումներ ձեռնարկվում, դասապրոցեսները դադարեցվում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:
Թեև պատկան մարմիններից շարունակաբար հնչում են նմանատիպ հայտարարություններ, այդուհանդերձ տարածաշրջանում և աշխարհում թևածող կորոնավիրուսը մտահոգում է հասարակությանը, իսկ հանրակրթական հաստատություններում, մեր տեղեկություններով՝ շարունակում են արձանագրվել բացակայությունների բարձր ցուցանիշներ:
168.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե բացակայությունների ի՞նչ ցուցանիշ է գրանցվել վերջին երկու օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական հաստատություններում:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մասնավորապես տեղեկացրին. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՆՈՒՀ-երում (նախադպրոցական հաստատություններում) բացակայության միջին ցուցանիշը ս.թ. փետրվարի 26-ին և 27-ին եղել է համապատասխանաբար 34% և 35%: Նույն օրերին Երևանի ենթակայության դպրոցներում բացակայության ցուցանիշները կազմել են 14% և 14,8%»:
Բացակայությունների ո՞ր տոկոսի դեպքում են հավելյալ միջոցառումներ ձեռնարկվում, դասապրոցեսները դադարեցվում. մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին. «Շատ հարաբերական է տոկոս ասվածը. կա շեմերի բարձրացում, իսկ մենք դրանից շատ հեռու ենք. այս տարի ավելի ցածր է շեմը, քան նախորդ տարի:
Մենք չենք նայում բացակայություններին. դիտարկում ենք հիվանդացության մակարդակը՝ արդյո՞ք բոլոր դեպքերում է բացակայությունը պայմանավորված հիվանդացությամբ: Մեր տվյալները հիվանդների վերաբերյալ են»:
Մեր խնդրանքով նախարարության աշխատակիցը տեղեկացրեց նաև, որ համատեղ աշխատանքներ են տարվում ԿԳՄՍ նախարարության հետ.
«Բնականաբար, այդ աշխատանքները համատեղ են ընթանում, որովհետև համաճարակաբանական ֆիլտր ենք անում, իսկ դա Կրթության նախարարության հետ է արվում»: