Հասարակական կազմակերպությունները ժամանակին հաշվետվություն չներկայացնելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության. ՊԵԿ ներկայացուցիչ

Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղազարյանը չի կիսում հասարակական կազմակերպության ներկայացուցիչների այն մտահոգությունները, թե «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությունները կատարվում են հասարակական միավորումների ազատությունը սահմանափակելու համար:

Նշենք, որ ՊԵԿ նախագծով նախատեսված փոփոխությունների համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, որպեսզի նրանց աշխատանքն ավելի թափանցիկ լինի:

«Թույլ տվեք այդ բնորոշումների հետ չհամաձայնել, այստեղ նման մեխանիզմներ չեմ տեսնում, քանի որ նման արտահայտությունների հեղինակները ցույց չեն տվել որևէ մեխանիզմ, որով պետք է ՀԿ-ների նկատմամբ ռեպրեսիվ գործողություններ տեղի ունենան, նման նպատակ չի եղել: Մենք խոսում ենք այն կազմակերպությունների մասին, որոնք հնարավորություն ունեն իրենց մասին հայտնելու, այսօր կան կազմակերպություններ, որոնք նման հնարավորություն չունեն, և նրանց գործունեության մասին տեղեկատվություն չենք կարողանում հրապարակել: Փաստացի մենք ստեղծում ենք մի հարթակ, որտեղ հասարակական միավորումներն իրենց գործունեության մասին հաշվետվություն կներկայացնեն, դրանք իրենց մեջ չեն ներառում ֆինանսական տեղեկություններ, դրանք տեղեկատվական բնույթի հաշվետվություններ են, եթե հանրային միջոցներին ֆինանսավորում չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արման Ղազարյանը:

Ըստ նրա, ֆինանսական հաշվետվության հրապարակումը պարտադիր է հիմնադրամների համար:

Նա տեղեկացրեց, որ հաշվետվությունը թերի կամ ոչ ժամանակին ներկայացնելու դեպքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրով սահմանված են պատասխանատվության միջոցներ, առաջինը՝ նախազգուշացում և ծանուցում մեկամսյա ժամկետում հաշվետվությունները հրապարակել, հակառակ դեպքում կտուգանվեն 50.000 դրամի չափով: Իսկ եթե անտեսվում է նաև այդ պահանջը, ապա տուգանքի չափը սահմանվում է 200.000 դրամ: Այս ամենից հետո, եթե ՀԿ-ները չեն հետևում պահանջին, ապա լիազոր մարմինը դիմում է դատարան՝ կազմակերպությունը լուծարելու պահանջով:

«Այս նախագիծը նախորդ իշխանության ժամանակ է մշակվել, սակայն աշխատանքային խումբ է ստեղծվել այն լրամշակելու համար, ուստի Արթուր Սաքունցի դիտարկումը տեղին չէ, որ այս նախագիծը կապում է նախորդ իշխանությունների հետ»,- եզրափակեց Արման Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս