1 միլիոնից ավելի հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջում COVID-19-ի տարածման պատճառով
Մեկ միլիոնից ավելի մարդ է ստորագրել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հրաժարականի պահանջով հանրագիրը՝ երկրում կորոնավիրուսային վարակի բռնկմանը դիմակայելու անկարողության համար: Տեղական ժամանակով 13:00-ի (Երեւանի ժամանակով 08:00-ի) դրությամբ պետության ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված փաստաթուղթն ստորագրել է 1,017 մլն մարդ: Դեռ նախօրյակին նրանց թիվը 500 հազար էր:
Հանրագիրը խիստ քննադատություն է բովանդակում Մուն Չժե Ինի հասցեին, որը, դրա հեղինակների կարծիքով, չկարողացավ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ինչպես երկիր վարակի ներթափանցումը կանխելու, այնպես էլ Հարավային Կորեայում վիրուսի հայտնվելուց հետո դրա տարածումը զսպելու համար: Փաստաթուղթը կազմողները, մասնավորապես, կառավարությանը քննադատել են այն բանի համար, որ նա Չինաստանի հետ սահմանը չփակեց, երբ հիվանդության բռնկումը հարեւան երկրում վտանգավոր մասշտաբների էր հասել:
Հանրագրի հեղինակները Մուն Չժե Ինին մեղադրել են այն բանում, որ նա պաշտպանել է ոչ թե սեփական երկրի, այլ ՉԺՀ-ի շահերը: «Մուն Չժե Ինն իրեն այնպես է պահում, ասես նա ոչ թե Հարավային Կորեայի, այլ Չինաստանի նախագահը լինի»,- նշվում էտեքստում: «Չնայած Կորեայում բժշկական դիմակների դեֆիցիտին, Մուն Չժե Ինը 3 մլն դիմակ է ուղարկել Չինաստան եւ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանց գների աճը կանգնեցնելու համար»,- նշում են փաստաթղթի հեղինակները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է KBS հեռուստաալիքը, այն դեպքում, եթե հանրագիրը հավաքի ավելի քան 200 հազար ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանքել դրան: Տվյալ դեպքում դա պետք է տեղի ունենա մարտի 4-ից ոչ ուշ: Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը փետրվարի 27-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 171 նոր դեպք: Այդպիսով՝ Հարավային Կորեայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1766-ի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: