«Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը և արդեն իր ղեկավարած իրավապահ մարմիններում է դավաճաններ հայտնաբերել»․ Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանը՝ իրավապահ համակարգի վերին օղակներիում դավաճանների առկայության մասին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, փետրվարի 26֊ին հայտարարեց, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են իրեն պայքարել թալանչիների դեմ, և հետ բերել ժողովրդին խոստացած միլիարդները։
Անկեղծ ասած, կարելի էր համարել, որ սա նրա երևակայության հերթական ծնունդն է։ Նախկինում էլ նա հայտարարել էր, որ Արցախի բարձրագույն ղեկավարության մեջ կան դավադիրներ, որոնք փորձում են պատերազմ հրահրել, և ողջ մեղքը գցել իր վրա։ Փառք Աստծո, ոչ պատերազմ տեղի ունեցավ, ոչ էլ դավադիրներ հայտնաբերվեցին, ցույց տալով պարոն Փաշինյանի երևակայության ողջ սնանկությունը։
Հիմա սակայն, քանի որ պարոն Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը, և արդեն իր իսկ ղեկավարած իրավապահ մարմինների բարձրագույն օղակներում դավաճաններ է հայտնաբերել, ես, որպես ՀՀ օրինապահ և ղեկավարի խոսքերին պատասխանատու վերաբերվող քաղաքացի, կուզեի նրան մի քանի հարց ուղղել այս կապակցությամբ`
ա) ովքեր՞ են այդ դավաճանները, և ինչում՞ է կայանում նրանց դավաճանությունը։
բ) եթե կա այդպիսի դավաճանության փաստ, ինչու՞ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի սկսում, չէ որ դավաճանությունը ծանր քրեական հանցանք է։
գ) եթե Ձեզ, որպես հանրապետության վարչապետի, անցյալում հայտնի են դարձել այդպիսի փաստեր, ինչու՞ ընթացք չեք տվել՞։ Ինչու՞ են այդ անձիք մինչև հիմա պաշտոնավարում, վտանգելով մեր պետությունը։
դ) ի վերջո, երբ՞ եք պատրաստվում ընթացք տալ այդ փաստերին, և փարատեք բոլորի կասկածները։
ե) եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ Ձեր ենթականերից ոմանք իսկապես դավաճաններ էին, ինչպիսի անձնական պատասխանատվություն եք Դուք պատրաստ վերցնել Ձեզ վրա, այդ պաշտոնյաների գործունեության համար։
զ) եթե ոչ մի դավաճանության փաստ չբացահայտվի, ինչպիսի՞ պատասխանստվություն եք Դուք նորից պատրաստ վերցնել Ձեզ վրա, այս դեպքում արդեն կեղծ լուրեր տարածելու համար։
է) և վերջապես, ինչ՞ կապ ունի այս սենսացիոն հայտարարությունը ձեր աջակիցների կողմից սահմանադրության պահանջների խախտմամբ ձեռնարկած հանրաքվեի սկսվող քարոզարշավի հետ։
Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք ոչ միայն ինձ, այլև Ձեր ընտրողներին։ Համոզված եմ, որ Ձեր խոսքերից նրանցից շատերը տարակուսած են, և հիմա կոնկրետ գործողություններ են սպասում»։