Հրաձգություն Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում. կան զոհեր
ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել Միլուոքիի (Վիսկոնսինի նահանգ) Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում: Սպանվել է առնվազն հինգ մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը՝ 51-ամյա տղամարդը, դատելով ըստ ամենայնի, ինքնասպան է եղել, տեղեկացնում է BBC-ին:
Բոլոր սպանվածները Molson Coors-ի աշխատակիցներ են:
Միլուոքիի ոստիկանությունը հայտնել է, որ իր աշխատակիցները գործ ունեն «վտանգավոր իրադրության» հետ եւ մարդկանց հորդորել է հեռու մնալ այն շրջանից, որտեղ գտնվում է գրասենյակային համալիրը: Հրաձգությունն սկսվել է օրվա երկրորդ կեսին, երբ գրասենյակային համալիրում հարյուրավոր մարդիկ են եղել աշխատատեղերում: Molson Coors ընկերությանն են պատկանում գարեջրի Coors եւ Miller առեւտրանիշերը: Հարձակվողի դրդապատճառներն առայժմ պարզ չեն: Ֆրանս Պրես գործակալությունը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հայտնել է, որ հրաձգությունն սկսել է այն մարդը, ով այդ նույն օրը հեռացվել է ընկերությունից: