Գուլնարա Քարիմովան պատրաստ է հօգուտ Ուզբեկստանի հրաժարվել 686 մլն դոլարից գործի կարճման դիմաց
Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարան, սոցցանցի միջոցով հայտարարել է Շվեյցարիայում ընտանիքի հաշիվներում սառեցված 686 միլիոն դոլարից հօգուտ պետության հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե Ուզբեկստանի իշխանություններն «առանց դատի» փակեն իր քրեական գործը։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւին Քարիմովայի դիմումը հրապարակվել է նրա դուստր Իմանի ինստագրամում: «Ես նաեւ, հանուն ընտանիքի պահպանման եւ առողջության, ճիշտ պայմանների դեպքում, պատրաստ եմ հրաժարվել դրամական միջոցների ցանկացած պահանջներից, որոնք մեր ընտանիքի միակ միջոցներն են եւ սառեցված են Շվեյցարիայում, «գործի փակման պարզեցված ընթացակարգի» ընդունմամբ, ասինքն՝ առանց հրապարակային դատի՝ հօգուտ պետության 686 միլիոն դոլարի հանձնմամբ»,- ասված է Քաիմովայի հայտարարության մեջ:
Բացի դրանից, Քարիմովայի դիմումում նշվում է, որ 1,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի բռնագանձված ակտիվները, որոնք պատկանում են իրեն եւ իր երեխաներին, չեն ներառվել հասցված նյութական վնասի մարման հաշվում ավելի վաղ իր դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում: Գուլնարայի նկատմամբ հերթական քրեական գործի դատաքննությունը Տաշքենդում սկսվել է հունվարի 8-ին, ավելի վաղ հաղորդել է հանրապետության Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը: Դատավարությունն անցնում է փակ ռեժիմով:
Դեկտեմբերի 6-ին Ուզբեկստանի Գլխավոր դատախազության վկայակոչմամբ հաղորդվել էր Քարիմովայի նկատմամբ նոր քրեական գործի հետաքննությունն ավարտվելու մասին, որի շրջանակում նախկին նախագահի դստերն առաջադրվել են պետական միջոցների յուրացման, կազմակերպված հանցավոր խմբավորման ստեղծման եւ երկրի շահերին հակառակ գործարքների կնքման մեղադրանքներ: Այդ քրեական գործի շրջանակում Ուզբեկստանին հասցված վնասը կազմում է ավելի քան 173,9 միլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը