
Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին փետրվարի 25-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը: Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան ԼըՔլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն աշխատանքներ տանել երկկողմ քաղաքական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին, այդ թվում` միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ՀՀ ժողովրդավարական գործընթացներին Կանադայի աջակցությանը և տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների ու փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: