222 հազար դոլար կամ ռադիոյից 13 անգամ ավելի պարգևավճար՝ Հանրային հ/ը-ում՝ Փաշինյանի օրոք. Yerkir.am
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը նշված շրջանում կազմել է 105.9 միլիոն ՀՀ դրամ դրամ (շուրջ 222 հազար դոլար): Նամակում նաև նշված է, որ վերոնշյալ գումարով պարգևատրվել են թվով 504-505 հաստիքային աշխատակիցներ:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը նույն շրջանում կազմել է 7.983.090 (յոթ միլիոն ինը հարյուր ութսուներեք հազար իննսուն) դրամ (շուրջ 16.700 դոլար): Վերոնշյալ գումարով պարգևատրվել են թվով 238 աշխատակիցներ:
Եթե բաղդատենք երկու պետական լրատվական հիմնարկների աշխատակիցների թիվը պարգևավճարների թվի հետ՝ կստացվի, որ ընդամենը կրկնակի թվով աշխատակիցներ ունեցող Հայաստանի հանրային հեռուստատեսության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 13 անգամ ավելի պարգևավճար: