Բաժիններ՝

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների:

Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարևորել է նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի և եկեղեցականների միջև՝ վստահություն հայտնելով, որ դրանք կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ ժողովրդի և հայրենիքի:

Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։

Հայցելով Երկնավորի օգնականությունն ԱԺ պատգամավորներին կարևոր այդ հանձնառության մեջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:

Այս առումով Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն է ընծայվել Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս