«Հետապնդման ենթատեքստ չկա, սա ուղղակի քաղաքական հետապնդում է». Սերժ Սարգսյանի փաստաբան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստից հետո Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում պատրաստվում են  հանրությանը ցույց տալ, թե քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ կա իրականում քրեական գործում, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը զավեշտ է:

«Զավեշտ է, որ սա կարող է կոչվել քրեական գործ, կարող է դառնալ մեղադրանք, կարող է գալ դատարան: Ենթատեքստ չկա, սա քաղաքական հետապնդում է: Ենթատեքստը դա ամենամեղմ գնահատականն է, որ դուք տվեցիք: Ես այդպիսի գնահատական չեմ տալիս»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ իր բնորոշմամբ՝ հետապնդումն ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն:

Փաստաբանը նաև անդրադարձավ մի հանգամանքի, որին, իր խոսքով, վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել: Խոսքն այն մասին է, որ հարյուրավոր տոննաներով դիզելային վառելիքը գնվել է մեկ լիտրը 430 դրամով և վաճառվել  330-340 դրամով:

«Նախաքննության փուլում վարույթն իրականացնող մարմնին գոռում էինք, որ՝ հարգելիներս, պետք է փորձաքննություն նշանակել և մի շարք հանգամանքներ պարզել»,- ասաց Մակինյանը՝ հիմնավորելով, որ գործի շրջանակներում նշված «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող 440 դրամով ձեռք բերել վառելիք և վաճառել 420 դրամով:

Փաստաբանի խոսքով՝ որոշակի հանգամանքներ պարզելու համար պատկան մարմիններին դիմումներ են հղել, բայց հստակ պատասխաններ չեն ստացել:

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը անդրադարձավ պաշտպանների այն դիտարկմանը, թե գործը կառուցված է մեկ ցուցմունքի վրա, ու հայտարարեց, թե ցուցմունքից բացի՝ գործում նշված են բազմաթիվ ապացույցներ: Փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, թե դատախազից այլ պատասխան չէր սպասում, ու հավելեց.

«Ես պնդում եմ, որ այդ ցուցմունքն էլ չկա: Միայն ցուցմունքի փաստացի, գործի մեջ կարված լինելը դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի»: Նա կրկին չնշեց, թե ում ցուցմունքի մասին է խոսքը: Հավելենք, որ քրեական գործի հենց նախաքննության փուլից մամուլը մշտապես գրում էր, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել է գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս