
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհը դժվարանցանելի է (բուք է):
Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ է) առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցք, Ջաջուռ գյուղերում և Թորոսգյուղ-Բավրայի անցակետ, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհներին բուք է:
Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։