Կոտրել են կնոջ մեքենայի կողային ապակիներից մեկը, բացել մեքենայի դուռն ու սրահում գտնված դրամապանակից փող գողացել
Փետրվարի լույս 17-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց․ կոտրել էին Նոր Արեշում բնակվող մի կնոջ մեքենայի կողային ապակիներից մեկը, բացել մեքենայի դուռն ու սրահում գտնված դրամապանակից փող գողացել։ Տուժողին պատճառվել էր զգալի չափի գույքային վնաս։
Էրեբունու ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, բացահայտեցին հանցագործությունը։ Մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերված ու կասկածանքով Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկված 29-ամյա երիտասարդը, որը Շենգավիթի բնակիչ է, տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողացած գումարը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածն Արարատի մարզում արել է 10-ից ավելի գողություն ու գողության երկու փորձ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։