
«Մեկնաբանելու համար պետք է ծանոթանամ դրա բովանդակությանը». Քոչարյանի գործով դատախազը՝ նախկին վարչապետների երաշխավորությունների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել նախկին վարչապետների անձնական երաշխավորության մասին տեղեկությունները: «Նման բան արդեն եղել է, ու որոշումը չեղարկվել էր: Միջնորդություն դեռ չի ներկայացվել, ես դրա բովանդակությանը ծանոթ չեմ: Լրատվամիջոցներում հրապարակումներից գիտեմ: Մեկնաբանելու համար պետք է ծանոթանամ դրա բովանդակությանը»,- ասաց դատախազը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մտադիր են անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար: