«Խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյանը՝ կորոնավիրուսի, դիմակների սակավության և դեղերի գների բարձրացման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ որևէ միջոցառում չի կարող հարյուր տոկոսանոց ապահովել կորոնավիրուսից, սակայն լավ հսկողություն իրականացնելը կարող է որոշ չափով ռիսկերը նվազեցնել:
«Փորձերը ցույց են տվել, որ զարգացած լինի երկիրը թե ոչ, վիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերը հարյուր տոկոսանոց պաշտպանություն չեն ապահովում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը:
Անդրադառնալով հասարակության անհանգստություններին, դեղատներում բժշկական դիմակների սակավությանը և խոսակցություններին, որ դեղերի գները բարձրացել են, պատգամավորը նշեց՝ լսել է, որ դիմակները սակավ են, սակայն դեղերի գների բարձրացման մասին տեղյակ չէ: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում, սա ինձ համար ազդակ է, որ հենց հիմա գնամ ու այդ հարցը պարզեմ: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ տարերայնորեն կարող է որևէ դեղամիջոցի գին բարձրանալ, առավել ևս՝ նման պայմաններում, երբ դրանք պետք է հասանելի լինեն բոլորին: Այս հարցը հավելյալ ճշտման կարիք ունի: Խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում