«Երազում եմ՝ տուն ունենանք, հանգիստ ապրեն իմ քույրերը, ես էլ հանգիստ սովորեմ ու իմ նպատակներին հասնեմ». Ընտանիքն օգնության կարիք ունի
Գայանե Ղուկասյանը, ով անչափահաս երեք երեխաների հետ վարձով է բնակվում, օգնության կարիք ունի: Ասում է՝ չի կարողանում վճարել տան վարձը, որը 70.000 դրամ է, երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ, դեղեր չի կարողանում գնել:
«Մեծ տղաս ունի առողջական խնդիր, աղջիկս ու ես՝ նույնպես: Տղաս 9-րդ դասարանում է սովորում, միջնեկ աղջիկս՝ 10, փոքր աղջիկս էլ՝ 7 տարեկան է, դրա համար երկար ժամանակով տնից չեմ կարողանում բացակայել: Տանը կարի աշխատանքներ եմ կատարում, օրավարձով՝ 1000 դրամով, ավտոլվացման կետում եմ աշխատում: Տղաս առողջական խնդիրների պատճառով դպրոց նորմալ չի կարողանում հաճախել, մեկ օր գնում է՝ երկու շաբաթ տանը մնում: Գլխի կիստա ունի, ցածր դոզայով դեղեր եմ կարողանում գնել, բայց բարձրն է անհրաժեշտ: Օրերով չի կարողանում քնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գայանեն:
Նրա փոխանցմամբ՝ տղան Սուրբ Հովհաննես եկեղեցում փոքր դպիր է: «Գոնե փոքր անկյուն ունենանք, թեկուզ մարզում, որ վարձ չտամ, որպեսզի կարողանանք լավ ապրել: Ամաչելով գնում, ճաշարանից եմ սնունդ բերում, մտածում եմ՝ կասեն՝ ջահել կին է, չի աշխատում, ճաշարանից է օգտվում, բայց հնարավորություն չունեմ: Ավտոլվացման կետում եմ աշխատում՝ օրը 1000 դրամ, բայց դա ի՞նչ է: Տան վարձը երկու ամիս չենք վճարել: Ես մշտական աշխատանքի կարիք ունեմ, բայց ժամերը պետք է քիչ լինեն, որ կարողանամ երեխաների մոտ լինել: Մասնագիտություն ունեմ, կար ու ձև եմ սովորել: Թաղապետարանից օգնել են սննդով, բայց ասել են, որ գումարով չեն կարող աջակցել»,- նշեց Գայանե Ղուկասյանը:
Տղան, ով գլխացավերի պատճառով արհեստագործական ուսումնարանում չի կարողացել սովորել, մեզ հետ զրույցում խոսելով երազանքների մասին՝ ասաց. «Երազում եմ, որ տուն ունենանք, հանգիստ ապրեն իմ քույրերը, ես էլ հանգիստ սովորեմ ու իմ նպատակներին հասնեմ»:
Կարող եք օգնություն ցուցաբերել՝ գումար փոխանցելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» 905141 0201495009AMD հաշվեհամարին կամ զանգահարել 077295454 հեռախոսահամարով: