Ռուստամ Բադասյանը՝ անցումային արդարադատության և բարձր պարգևավճար ստանալու մասին

Արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը հուսով է, որ մարտ ամսին դատաիրավական բարեփոխումների փաթեթն օրենքի տեսք կստանա, քանի որ  մարտին ԱԺ երկու քառօրյա նիստ կա,  և հնարավոր է երկու ընթերցում իրականացնել:

«Այսինքն՝ մարտին հնարավոր է երկու ընթերցում անցնել, որից հետո նախագահի ստորագրման փուլն է, լավագույն սցենարն ապրիլ ամիսը կլինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը:

Հարցին՝ անցումային արդարադատության վերաբերյալ կա՞ արդեն փաթեթ, և այն ի՞նչ փուլում է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ դատաիրավական բարեփոխությունները և անցումային արդարադատությունը տարբեր գործընթացներ են.

«Հայեցակարգը հրապարակվել է դեռևս դեկտեմբերին, հիմա նախարարությունում աշխատում են կոնկրետ նախագծի տեքստի վրա, շուտով արդեն հասանելի կլինի և սահմանված ընթացակարգով կներկայացվի ԱԺ-ին»,- նշեց Ռ. Բադասյանը:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, Ռուստամ Բադասյանը նշեց, որ, եթե որոշի, որ մասնակցելու է  քարոզարշավին, արձակուրդ կվերցնի և կմասնակցի:

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված տեղեկություններին, որ Արդարադատության նախարարը 16.000 դոլար պարգևավճար է ստացել, Ռուստամ Բադասյանը նշեց, որ ինքը ստանում է այնքան աշխատավարձ և պարգևավճար, որքան մյուս նախարարները, նույնիսկ մի փոքր պակաս է ստացել:

«Երկու ամիս ուղղակի մի փոքր պակաս է եղել, կարող ենք դոլարով, եվրոյով կամ յուանով հաշվել, հետաքրքիր վերնագրեր են ստացվում, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում»,- ընդգծեց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս