Բաժիններ՝

Իդլիբն ու ռուսական արգելակները

Սիրիական բանակի ռազմավարական նշանակություն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրա իրավիճակային փոփոխություն են առաջացրել, այլ նաեւ զգալիորեն փոխել են խաղի կանոնները: Սիրիական զինյալ ուժերը տարածքներ են մաքրազտում ահաբեկիչ տարրերից եւ ձգտում են Իդլիբի ամբողջական ազատագրմանը: Դամասկոս-Հալեպ մայրուղու թե Հալեպի օդանավակայանի վերահսկմամբ սիրիական պաշտոնական բանակը տիրական ներկայություն  է վերահաստատում այդ շրջանի կարեւորագույն կետերի վրա: Այս մաքրազտման զինարշավը, բնականաբար, հաշտ ընկալում չի ունեցել Անկարայի կողմից, որը այդ տարածքների վրա ուղղակի-անուղղակի ներկայություն պահելու հրամայական ուներ: Անուղղակին այս դեպքում զինյալ այն տարրերն են, որոնք իբրեւ խաղաթուղթ շահարկվում են Անկարայի կողմից, հատկապես իբրեւ հակակշիռ ուժ քրդական գործոնին:

Այժմ թիրախն Իդլիբն է։ Մինչեւ Իդլիբը, սակայն, այն բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկեց սիրիական բանակը եւ հատկանշական տեղաշարժեր արձանագրելով իրականացրեց որոշ մաքրազտման արշավ, չէին իրականանա առանց Մոսկվայի կանաչ լույսի, չասելու համար՝ նրա ներշնչանքի:

Այս բոլորը պատճառ դարձան, որ խախտվի Մոսկվա-Անկարա կարճաժամկետ դրվածքով ձեւավորված ռազմավարական գործընկերությունը: Հիմա ռուսական արգելակներն սկսել են արդեն գործել թուրքական հարձակողապաշտության դեմ: Ոչ միայն հյուսիսային Սիրիայում Անկարային չհաջողվեց իրականացնել անվտանգության գոտու սահմանագծումը, որ հանկերգի նման հնչեցնում էր սիրիական պատերազմի առաջին օրից, այլ այժմ Իդլիբի ուղղությամբ եւս իր ռազմահենակետերը զիջելու հարկադրանքի տակ է փաստորեն:

Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, որ ամբողջովին աջակից է Իդլիբի արմատական մաքրազտմանը եւ ազատագրմանը, մինչ Թուրքիան իր օդային տարածքն է փակում ՌԴ-ի դեմ եւ սպառնական պայմանաժամերով խոսում իր երբեմնի դաշնակցի հետ: Այս բոլորը` դերերի բաշխումով, իհարկե, որովհետեւ զուգահեռ` նախ երկկողմ, ապա եռակողմ, ներառելով Թեհրանը, աշխատում է  կայացնել Մոսկվա-Անկարա-Թեհրան եռակողմ հանդիպումը` վերահամաձայնությունների հանգելու համար: Այս առումով առաջադրում է միջազգային հանդիպում՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասնակցությամբ։ Նպատակը՝ թուրքական դիտակետերի սահմանագծման միջազգային համաձայնություն ապահովելն է։

Սպառնալիքները իրականությունում բառային տարողությունները չեն առարկայացնում: Եղածը սահմանափակ բախումներ են, վերահսկելիությունից դուրս չեկող: Հարձակումները չեն ծավալվում միշտ նկատի ունենալով գեթ ներկա պայմաններում ռուս-թուրքական զորքերի բախումը, թեկուզ երրորդ երկրի տարածքների վրա: Ռազմական ընդհարումների ձեւաչափը շարունակում է մնալ հիմնականում Անկարայի հովանավորած զինյալ խմբավորումներ-սիրիական բանակ ձեւաչափում: Անցում կա դեպի սիրիական եւ թուրքական բանակների միջեւ կայացող ընդհարումների հարթություն, առանց թեւակոխելու այլ սահմաններ:

Անկարայի ձեռնարկած գործողություններն առավելաբար հետախուզական բնույթի սահմանափակ հարձակումներ են, ստուգելու համար հակադարձության տարողությունը: Թվում է, որ դրանք չեն հատում իրենց իսկ կողմից ճշտած սահմանը:

Հայտնաբար Մոսկվան մտադիր չէ Անկարայի ցարդ ձեռք բերած վերահսկողությունից ավելիին համաձայնություն տալու: Ուժերի տեղաբաշխումից հետո, այժմ առաջադրվում է Իդլիբը թուրքական ուղղակի-անուղղակի տիրույթից դուրս բերելը: Այնտեղ գտնվող զինյալները, թեեւ վերանվանված եւ փոխակերպված, այդուհանդերձ, շարունակում են կրել թուրքական հովանավորությունը, ֆինանսավորումը: Այդ ռազմակայանը նաեւ վարձկան զինյալներ է արտադրում՝ Թուրքիայի համար այս անգամ Լիբիայում գործողություններ իրականացնելու համար: Իդլիբը Անկարայի համար տարածաշրջանային ռազմակայան է երրորդ տարածքների վրա պատերազմներ մղելու եւ թուրքական գոտիներ ձեւավորելու համար․ զինյալների արտադրամաս։

Ռուս-թուրքական ապամերձեցումը աննկատ չի անցել Վաշինգտոնի կողմից, որը փորձում է վերագնահատելՆԱՏՕ-ի իր դաշնակցին: ԱՄՆ նախագահը հայտարարում էր, որ իր երկիրը պատրաստվում է խորհրդակցելու Անկարայի հետ Իդլիբի ճակատագրի շուրջ եւ բնականաբար պատրաստ է միասնաբար ելք գտնելու իրավիճակից: Այս հայտարարությունը հրապարակվում էր, երբ Մոսկվա-Անկարա-Թեհրան եռակողմ հանդիպման կայացումը անորոշության էր մատնվել: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եռակողմ հանդիպման առիթ կտրվի Իդլիբի ճակատագրի որոշումից հետո: Այս դեպքում` մաքրազտումից հետո։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս