«Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյան

ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 20-ին Հոգաբարձուների խորհրդի ձախողված նիստի մասին եւ հանդես եկել հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ այդ օրը հրավիրված նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում եւ 2016-2020 թթ. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաեւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների եւ ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Սակայն Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Ընդ որում՝ նիստին ներկա չէին ինչպես համալսարանականներ, այնպես էլ լիազոր մարմնի կողմից առաջադրված եւ ԵՊՀ գործընկեր գործատուներ համարվող  անդամներ: Բացի դրանից՝ իրենց ներկայությունը չէին ամրագրել նաեւ ուսանող անդամները՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատման վերաբերյալ:

Տապալված նիստից հետո Արթուր Վաղարշյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ.

«Մոտ մեկ տարվա գործընթացներում փորձել եմ գործել հանուն օրինականության եւ համալսարանի: Երբ որ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի մրցույթը, ցանկանում էի մասնակցել մրցույթին։ Փորձեցի գնահատել աշխատանքային գրաֆիկս կես տարվա կտրվածքով, հասկացա, որ այն բավականին բարդ է` ծանրաբեռնված հաստիքային աշխատանք, շվեդական համալսարանի հետ համատեղ անգլերեն մագիստրատուրա բացելու բանակցային գործընթաց, բովանդակային լրիվ նոր մագիստրոսական ծրագրի մշակում, եւ այդ ամենը պետք է իրականցվեր մինչեւ ամառ:

Հասկացա, որ կձախողեմ: Հանրապետական քաղաքական իրավական գործընթացնե՞ր, թե՞ համալսարան: Ես ընտրեցի համալսարանը: Սակայն հիմա՝ այս հետաքրքիր օրը, 20.02.2020 թվականին, ինձ պարտված եմ զգում: Պարտված, որովհետեւ համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը` մեկ տարվա ընթացքում չկարողանալով կենտրոնանալ հավակնություններ ունեցող համալսարանական մեկ թեկնածուի վրա, առաջադրել նրան: Տանուլ տվեցին նաեւ իշխանությունները, որովհետեւ նրանք մեկ տարվա ընթացքում չկարողացան ներկայացնել մեկին եւ հստակ ասել` նա է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն:

Ինչու իրադարձություններն այսպիսի ընթացք ստացան: Շատ տեղեկացված չեմ, որովհետեւ խորհրդի եզակի անդամներից եմ, ում հետ ոչ մի ներհամալսարանական եւ արտահամալսարանական ուժ չի փորձել երբեւիցե բանակցել: Դա մի կողմից լավ էր, որովհետեւ պահպանել եմ իմ ինքնուրույնությունը: Սակայն մյուս կողմից էլ հայտնվեցի բոլոր` եւ՛ դրսի, եւ՛ ներսի ուժերի թիրախում:

Գործընթացները դուրս են եկել իրավական հունից: Ո՞րն է ապագան: Կարծում եմ` գործընթացները գնալու են անկառավարելիության էֆեկտի ստեղծմանը, որն ունի երեք ելք:

Եթե Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ավարտին չմնար մեկ ամիս, հրաժարական կտայի: Հաջորդ կազմին չեմ ցանկանում մասնակցել: Չեմ հարգում մարդկանց, որոնք սիրում են իրենց համալսարանում, այլ ոչ թե համալսարանն իրենցում: Մարդկանց, որոնք ոչինչ չեն արել համալսարանի համար, բայց պահանջում են անվերջ, մարդկանց, որոնք օրվա ընթացքում մի քանի գույն են ընդունում»։

Տեսանյութեր

Լրահոս