«Կորոնավիրուսի հետ կապված ռիսկեր կարող են լինել. դրանից հնարավոր չէ խուսափել». Նարեկ Զեյնալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական անձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ վերջին օրերին, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուս, ամենօրյա ռեժիմով Իրանից տեղեկատվություն են ստանում, ինչը վերլուծության է ենթարկվում:

«Այս ամենից հետո, ի վերջո, որոշվեց մասնակի սահմանը փակել, բեռնակիրների համար սահմանը բաց է: Հաշվի առնելով, որ առջևում իրանցիների տոնն է, և կարող է մեծ թվով հոսք լինել դեպի մեր երկիր, ժամկետը սահմանվեց երկու շաբաթ: Այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք Հայաստանում գրանցված չէ, բայց բնակչության շրջանում որոշակի խուճապ կա, սա հասկանում են, սակայն խուճապն ավելի շատ է, քան իրականում պետք է լիներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը:

Ըստ նրա, կորոնավիրուսի հետ կապված ռիսկեր կարող են լինել, դրանից հնարավոր չէ խուսափել, սակայն այս պահին իրականացվում է առավելագույնը՝ սահմանին կա բժիշկ, տարածք՝ անհրաժեշտության դեպքում վիրուսակիրներին մեկուսացնելու համար:

«Հայաստան եկող բեռնակիրների վարորդները հետազոտվում են, հսկվում, եթե անհրաժեշտություն լինի, նրանց նաև կմեկուսացնեն: Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, իսկ Հայաստանում՝ Իրանի քաղաքացիներ, նրանց համար ճանապարհը բաց է, մի բան է՝ վերահսկել մեկ-երկու վարորդի, մեկ այլ բան՝ հազարավոր քաղաքացիների»,- նշեց Ն. Զեյնալյանը:

Նա նաև հավելեց, որ անհրաժեշտության դեպքում հայ-իրանական սահմանը կշարունակի փակ մնալ, հակառակ պարագայում երկու շաբաթ անց սահմանը կբացվի:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության, մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, որ սահմանն այդքան էլ փակ չէ, քանի որ առևտրականներն ազատ ելումուտ են անում, Ն. Զեյնալյանը նշեց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն բեռնատարների համար է սահմանը բաց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս