Բաժիններ՝

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:

«Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից և ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր:

Քանի որ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ապա ՀԴՄ սարքերի ծրագրային ապահովման ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում էր ՀՀ ՊԵԿ-ի կողմից: ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսվարող սուբյեկտից ՀԴՄ ձեռք բերելիս հարկ է ուշադրություն դարձնել ՀԴՄ-ի ձեռքբերման հարաբերությունները կարգավորող պայմանագրում հետևյալ կետերի ներառմանը և ռիսկերի կառավարմանը՝

  • ՀԴՄ սարքի երաշխիքի առկայություն,
  • ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ապահովում, այն է ՀԴՄ-ի միջոցով անկանխիկ գործարքների իրականացման հնարավորության և հաշվարկային փաստաթղթերի ենթածրագրի առկայություն ՀԴՄ-ում,
  • Ծրագրի մշտական համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության սահմանած պահանջներին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս