Իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Աշխարհին ու մարդկությանը սպառնացող կորոնավիրուսը բավական մոտ է Հայաստանին, կարելի է ասել՝ քթներիս տակ: Հասարակության մոտ, փա՜ռք Աստծո, տագանապ չկա, բոլորն ուրախ-զվարթ ասում-խոսում են վիրուսի մասին, կատակներ անում միմյանց հետ, անեկդոտներ հորինում:
Խնդրին մինչեւ վերջերս խիստ հարեւանցի էին մոտենում նաեւ իշխանության ներկայացուցիչները, ու մինչեւ «թագակիր» վիրուսը դամոկլյան սրի նման կախված էր մեր գլխավերեւից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացատրում էր, թե ինչու չպետք է փակվի Իրանի հետ սահմանը, որտեղ վիրուսը կայծակնային արագությամբ է զարգանում:
«Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում»,- հայտարարում էր նախարարը:
Նրա ջրաղացին ջուր էին լցնում իմքայլական պատգամավորներն ու հորդորում լվից ուղտ չսարքել: Ավելին՝ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոյանն ակնարկում էր, թե վիրուսի մասին վատ-վատ հայտարարություններ նախկիններն են տարածում ու տագնապ առաջացնում:
Ի հեճուկս թիմակիցների իրոնիկ բնույթի գրառումների ու «ազգ-էպիդեմոլոգ» հայտարարության հեղինակ նախարար Թորոսյանի՝ Իրանի հետ սահմանը ժամանակավորապես փակելը կառավարությունում անհրաժեշտություն են համարել ու որոշել՝ երկու շաբաթով դադարեցնել հարեւան երկրի հետ օդային ու ցամաքային հաղորդակցությունը:
Ցավալիորեն սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչներն այս կամ այն հարցի շուրջ մութ սենյակում կատուներ են փնտրում, հետո անչափ հուզիչ իրավիճակում հայտնվում: Առաջին դեպքը չէ նաեւ, որ հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով թիրախավորվում են նախկինները, ու եթե առաջնորդվելու լինենք պատգամավորների առաջ քաշած թեզով, ապա իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը:
Ժողովրդի ընտրյալներին հորդորում ենք յոթ անգամ չափելուց հետո միայն հայտարարություն անել, որ ո՛չ իրենք անհարմար դրության մեջ հայտնվեն, ո՛չ էլ հասարակությունը հերթական անգամ օտարների ու յուրայինների բաժանվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: