Թուրք գրողը Թուրքիայում տիրող համակարգն անվանել է «ֆաշիզմ» և «նեո-ֆաշիզմ»
Թուրք գրող Ասլը Էրդողանը մտադիր չէ Թուրքիա վերադառնալ։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական «Agence France-Press» լրատվական գործակալության հետ զրույցում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Էրդողանը 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո փակված «Özgür Gündem» թերթի դեմ ընթացող դատավարության շրջանակներում մեղադրվել էր «պետության միասնականությունն ու ամբողջականությունը խաթարելու» և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ։
Նա կալանավորվել էր 2016թ․ օգոստոսին։ Նույն թվականի նոյեմբերին գրողն արդարացվել էր «պետության միասնականությունն ու ամբողջականությունը խաթարելու» մեղադրանքի մասով, բայց շարունակել էր կալանքի տակ մնալ մյուս մեղադրանքի հիմքով։ Ասլը Էրդողանն ազատ էր արձակվել 133 օր տևած կալանքից հետո միայն։
Արդեն երկու տարի Գերմանիայում բնակվող գրողը նշել է, որ իր համար բոլորովին անսպասելի է եղել դատարանի արդարացման որրոշումը։
«Անկեղծ ասած՝ ես շատ զարմացա։ Գրեթե բոլորը համոզված էին, որ ես պատիժ կստանամ։ Ներկա պահին բանտարկության վտանգի առկայության պատճառով վերադառնալ չեմ կարող։ Եվս մեկ կալանավորումն ինձ համար հավասարազոր կլինի մահվան», – նշել է նա՝ Թուրքիայում ներկայումս տիրող համակարգն անվանելով «ֆաշիզմ» և նեո-ֆաշիզմ»։
Նշենք, որ Ալը Էրդողանի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նա 2018թ․ արժանացել է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Սիմոնա դը Բովուարի անունը կրող մրցանակի։