Իրանում ութ մարդ դատապարտվել է ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
Իրանի 8 քաղաքացի ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու համար: Փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին։
Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իսմայիլին թվարկել է «ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու» համար 6-10 տարվա ազատազրկման դատապարտված Իրանի 8 քաղաքացիների անունները:
Պաշտոնյան նշել է, որ՝ «այսպես կոչված՝ շրջակա միջավայրի գործով մեղադրվողները, Իրանի դատական իշխանությունների կարծիքով, կատարել են գործողություններ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»: «Դատավճիռը հաստատել է վճռաբեկ դատարան, եւ այն վերջնական է»,- հավելել է Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
Արեւմտյան ԶԼՄ-ներին հղում կատարելով ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ դատապարտյալները ձերբակալվել են մոտավորապես երկու տարի առաջ: Ընդ որում նրանցից մի քանիսը, բացի Իրանի քաղաքացի լինելուց, ունեն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: