Եթե պետք եղավ, հրաժարական կտամ. Արտակ Դավթյան
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկում է տեղի ունեցել՝ կապված Զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի հետ, որից հետո վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ. «Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է՝ այս դինամիկան պահպանել:
Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք:
Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»:
Այսօր խորհրդարանում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կադրային ի՞նչ որոշումների մասին է խոսքը, և ի՞նչ են քննարկել:
«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց վերաբերյալ կլինեն պաշտոնական հրամանագրեր, ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականին, ապա դա մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի խնդիրն է»,- ասաց Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով վերջին 1,5 ամսվա ընթացքում բանակում 13 զինվորների մահվան դեպքերին, Արտակ Դավթյանը նշեց, որ ԱԺ-ում հրավիրված փակ նիստում երկու ժամ այդ խնդիրն են քննարկել:
«13 մահացած զինվորներից 8-ի մահվան պատճառը գիտենք, 4-ը դժբախտ պատահարի հետ է կապված եղել, 4-ը՝ հիվանդության»,- ընդգծեց նա:
Թե ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն զոհերի համար, Արտակ Դավթյանը նշեց, որ կա օրենք, և օրենքի առջև բոլորը հավասար են, ուստի դեպքի բոլոր մեղավորները կորոշվեն դատարանի վճռով:
«Բոլոր դեպքերով անցկացվում են ծառայողական քննություններ՝ ելնելով դրա արդյունքներից՝ մենք ունենք կարգապահական կանոնակարգով օժտված բոլոր իրավունքներով կատարված և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ կարգապահական տույժեր»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Ռազմական ոստիկանության պետի հրաժարականի մասին լուրերին և նրա աշխատանքին, Արտակ Դավթյանն ասաց, որ ՌՈ-ն Գլխավոր շտաբին չի ենթարկվում, և նրա աշխատանքին որևէ գնահատական չի կարող տալ: Ինչ վերաբերում է բանակում արտոնյալ զինծառայողներին, նա նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի արտոնյալներ չլինեն:
Արտակ Դավթյանը նաև նշեց, որ Գլխավոր շտաբը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, որի հետ չունեն լուրջ տարաձայնություններ, չհաշված աշխատանքային քննարկումների ու կարծիքների մասին տարբերությունները, որոնք հաճախ ներկայացվում են՝ որպես տարաձայնություններ ու հակասություններ:
«Եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, պետք լինի՝ հրաժարական կտամ, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Հակասություններն ավելի շատ են ներկայացնում ու գրում, քան իրականում դրանք կան»,- նշեց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արտակ Դավթյանն ԱԺ-ում մասնակցում էր աշխատանքային փակ քննարկման՝ կապված բանակում տիրող իրավիճակի հետ: