«Հեշտ չէ հանրաքվեին լրջագույն քանակի ընտրողի մասնակցություն ապահովելը». Ալեքսանդր Իսկանդարյան
Քարոզարշավը կանցնի բավականին բուռն: Իհարկե, այն հին և նոր էլիտաների համար կլինի «հաշիվներ մաքրելու» հերթական առիթը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ կարգախոսը լինելու է՝ «այո՝ հեղափոխությանը՝ ընդդեմ սարսափելի անցյալի»:
«Սակայն այդպես էլ հստակ չի բացատրվելու՝ որոնք են հեղափոխության իդեալները, ինչը, տեխնոլոգիական առումով, ճիշտ է»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի՝ իշխանությունների համար հեշտ չի լինելու ՍԴ գործող անդամների լիազորությունների դադարեցմանն ուղղված հանրաքվեին պահանջվելիք լրջագույն քանակի ընտրողների մասնակցություն ապահովելը, բայց, ըստ նրա, պատմությունը ցույց է տվել, որ երբ իշխանությունները նման տեսակի պատասխանատվություն են ստանձնում, սովորաբար իրենց մոտ դա ստացվում է. կան տեխնիկական միջոցներ, տոտալ վերահսկողությունը ևս միջոց է, որը հենց նրա համար է, որ արվի ինչ-որ բան:
Ըստ այդմ՝ Իսկանդարյանը գրեթե վստահ է, որ իշխանությունները կհաղթեն, քանի որ պետական մեքենայի դեմ դուրս գալը դժվար բան է:
«Պատկերացնել, որ կշարունակեն գոյություն ունենալ և՛ ՍԴ գործող կազմը, և ներկա իշխանությունները, դժվար է: Ինչ-որ ձևով այս իրավիճակը կհանգուցալուծվի»,- նշեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ ոստիկանությունը հրապարակեց ընտրողների թիվը՝ 2.575.939 մարդ: Իսկ որպեսզի ՍԴ գործող դատավորների լիազորությունները դադարեցվեն, անհրաժեշտ է, որ հանրաքվեին «կողմ» քվեարկի 644 հազար քաղաքացի: