«Հեղափոխությանը դիմադրողների մի մասը բանտերում է, մի մասը կհայտնվի բանտերում, մյուս մասը կազատվի աշխատանքից». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանը այսօր Ազգային ժողովում վարչապետին հիշեցրեց 2019թ. դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարությունը, որ նախարարություններում ունեն աշխատակիցներ, որոնց աշխատանքը «ժամը լրանալուց հետո տուն գնալն է», որ կառավարությունը «բրթում է» պետական համակարգին, որ գնան խնդիրը լուծեն, և, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւմ է կայանում դիմադրությունը, ովքե՞ր են դիմադրում, արդյո՞ք պատասխանատվության են ենթարկվել այդ մարդիկ, դեռ համակարգո՞ւմ են, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց կապանյան իր ասուլիսը, որի ժամանակ, ըստ նրա, մանրամասն անդրադարձել էր այդ թեմային՝ բերելով 1 կոնկրետ օրինակ Քաղավիացիայի կոմիտեի մասին: Նա նաև հավելեց, որ այդ օրինակը կարող են տարածել ողջ պետական համակարգի վրա:

«Բայց կան շատ օղակներից, որոնցից պետք է օր առաջ ազատվել, և այդ օղակներից ազատվում ենք կամաց-կամաց: Նաև հանրային կառավարման բարեփոխումների պրոցեսն է դրա մասին, և իրավապահ համակարգի բարեփոխումների մասին էլի եմ ասել, այսօր էլ եմ ասում, ցավոք սրտի՝ գիտեմ, որ վաղը չէ մյուս օրն էլ եմ ասելու: Այդ հարցերին մեր մոտեցումը ռազմավարական է, որովհետև մինչև հայեցակարգային ռազմավարական լուծումներ չլինեն, չեն լուծվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցում էլ հավանաբար մեղավոր են նախկինները: Ըստ նրա՝ այսօր պետական համակարգի աշխատողները նույնն են, ինչ վերջին 10 տարում, ու նրանց կյանքում փոխվել է միայն այն, որ շատերը բողոքում են, որ նախկինում «փող էին աշխատում, հիմա փող չեն աշխատում»:

«Ամեն շաբաթ կոռուպցիոն երևույթների հետ ենք գործ ունենում՝ ոստիկանությունում, մաքսայինում: Մաքսային ծառայողները մաքսակետից պայմանավորվեն, ասեն՝ «ուղղակի բեր բեռնատարդ անցկացրու՝ առանց որևէ բանի», ոնց որ մարզից մարզ է անցնում, բա դա հեղափոխությանը դիմադրություն չէ՞: Բա եթե պաշտոնյան սոցիալական նպաստ վճարելու համար փող է վերցնում, դա դիմադրում չէ՞ հեղափոխությանը: Որ մարդուն բանակից ազատելու համար փող է վերցնում, դա դիմադրություն չէ՞: Այդ մարդկանց մի մասը բանտերում է, մի մասը կհայտնվի բանտերում, մյուս մասը կազատվի աշխատանքից, ու այդպես շարունակ»,- նշեց վարչապետը:

Անի Սամսոնյանի խոսքով՝ կառավարությունը պետք է որ 2019 թվականի ընթացքում արդեն լուծած լիներ այդ հարցերն ու այլևս դրան չանդրադառնար:

«Երբ է գալու այն պահը, որ մենք ասենք՝ պետական համակարգն այլևս չի դիմադրում, Դուք կարող եք բարեփոխումներ անել, և պետական համակարգն էլ օպտիմալացված է, որովհետև կառավարությունը թերացել է օպտիմալացման հարցում»,- հարցրեց պատգամավորը:

Այս հարցը վարչապետին կարծես թե բարկացրեց: Ըստ Փաշինյանի՝ ընդունվել է պլան, թե որ նախարարությունն ինչպես պետք է օպտիմալացվի, բայց դրա համար էլի ժամանակ է պետք:

«Դուք ասում եք, որ կառավարությունը դանդաղել է: ԱԺ փոխնախագահն էլ մի միտք է ասել, որ «արագը դանդաղն է, բայց առանց դադարի»: Մենք հետևողական պետք է ռազմավարական աշխատենք: Մենք չենք պատրաստվում գերանդին առնել ու աջուձախ հնձել: Մենք սիստեմատիկ կերպով այդ օրակարգը տանելու ենք առաջ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ դա լինի 2020թ. ավարտին կամ 2021 թ. կեսերին:

Տեսանյութեր

Լրահոս