«Կա սուր շնչառական վարակների մի փոքր լարվածություն, իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ». Արսեն Թորոսյան
Մի քանի օր է, համացանցում տեղեկություններ են տարածվում Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման, դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների մեծ մասի բացակայության մասին: Այդ հաստատություններում բուժքույրերն անգամ աշխատում են մուտքի մոտ՝ հիվանդ երեխաներին տուն կամ բուժկետ ուղեկցելու համար:
«Եղանակային իրավիճակով, ինչպես նաև սեզոնով պայմանավորված, երբ սուր շնչառական վարակները ավելի են ակտիվանում, այս ձմեռ նույնպես ունենք մի փոքր լարվածություն, և իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ դրան ուղղված»,- ԱԺ-ում հարցին անդրադառնալով՝ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին իրականացնում են մի շարք աշխատանքներ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ:
«Առաջինը՝ լայն հանրային իրազեկում ենք անում, որ ավելորդ խուճապի առիթ չլինի, և կոչ ենք անում հատկապես ոչ մասնագիտական հանրույթին՝ դասերը բոյկոտելու, խմբերով դասերի չհաճախելու կոչեր չանեն, որովհետև դա ոչ միայն չի օգնում համաճարակի դեմ պայքարին, այլ հակառակը՝ ավելորդ խուճապ է ստեղծում»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ իրենք ամենօրյա ռեժիմով ԿԳՄՍ նախարարության հետ են համագործակցում, գնահատում են բացակաների ու հիվանդ երեխաների թվերը, որոշելու, թե արդյո՞ք դասերը դադարեցնելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:
«Այսօրվա դրությամբ նման առիթ չկա: Բացակայությունների մեծ մասը կանխարգելիչ բացակայություններ են: Երեխաները հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որպեսզի չհիվանդանան»,- վստահեցնում է նախարարը:
Արսեն Թորոսյանը հորդորում է՝ հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել, իսկ առողջներին՝ չմրսել, չշփվել հիվանդ քաղաքացիների հետ և հաճախ լվացվել: Նախարարը հորդորում է նաև չսարսափել H1N1 վիրուսի անունը լսելիս, քանի որ, ըստ նախարարի, այն ավելի վախեցնող չի, քան գրիպի մեկ այլ տեսակ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր 1032 երեխայի թույլ չեն տվել մտնել դպրոց կամ մանկապարտեզ, նրանց տուն են ուղարկել: Այսօրվա տվյալներով՝ միջին բացակայությունը կազմում է 5.8 տոկոս:\\