«Եթե Գագիկ Ծառուկյանն ասի՝ ավելի վտանգավոր բան արա՝ կանեմ, նա իմ մեծ եղբայրն է, բայց…». Գևորգ Պետրոսյան
Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն այն աստիճանի չեն, որ վերջինս ասի՝ Գևորգ ջան, ցավդ տանեմ, Սահմանադրական փոփոխություններին պետք է «կողմ» քվեարկես, ինքն էլ հետևի նրա հորդորին:
«Մենք քաղաքական գործիչներ ենք և մեր համոզմունքներն ունենք, եթե Գագիկ Ծառուկյանն ասի՝ ավելի վտանգավոր բան արա՝ կանեմ, նա իմ մեծ եղբայրն է, բայց նման հարցերում, որ ասի՝ Գևորգ ջան, խնդրում եմ, այսպես արա, կամ այնպես արա, չի լինում: Դուք էլ լուրջ չեք վերաբերվի, եթե քաղաքական հարցերում կուսակցության ղեկավարները մեկ առ մեկ կանչեն թիմակիցներին, ասեն՝ այսպես կամ այնպես արեք»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը:
Լրագրողի հարցին՝ ժամանակին մարդ կար՝ Խաչիկ Ասրյանը, Սերժ Սարգսյանի համար պատրաստ էր «դժոխքի դարպասների մոտ պահակ կանգնել», հանուն Գագիկ Ծառուկյանի, օրինակ, ի՞նչ կարող է անել նա, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այդ մարդը որտեղից է որոշել, որ Սերժ Սարգսյանը դժոխք է գնալու, որ մի հատ էլ գնում է դժոխք, դե թող գնար դրախտի մոտ կանգներ: Ով ինձ ճանաչում է՝ լավ գիտի, թե ինչ կարող եմ անել»: