«Թող չփորձի ինձ կապել որևէ մեկի հետ». Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Խաժակյանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է արել և անդրադարձել ԱԺ փոխնխագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ նշելով, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության և  դրա ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ էժանագին քարոզչություն  է իրականացվում.

«Ալեն Սիմոնյանին թվում է, թե իր մանր-մունր լեզվի «սայթաքումներով» կարող է մեզ հունից հանել։ Բայց ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ առանց մեր միջամտության էլ՝ նա արդեն իսկ բացահայտում է իր իրական տեղն ու շրջապատը։ Ահա՛, Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի քրոջ և էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։ Փաստորեն Ալենն ու Հրայրի քույրը ունեն նույն նպատակը, այն է՝ էժանագին քարոզչությամբ վարկաբեկել մեզ։ Էս ո՞ւր հասանք, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ միասին դաշինք է կազմել ընդդեմ «Լուսավորի», չնայած նրան, որ իր վերադասի մոտ մտասևեռում է դարձել Թովմասյանի դեմ քաղաքական պայքարը։ Այս ամենը պարզապես զավեշտալի է։
Ընդամենը մի բան եմ ուզում ասել և հենց Ալեն Սիմոնյանին։ Ընկեր, դու շատ փոքր քաղաքական միավոր ես, մենք քեզ հետ խոսելու բովանդակային եզրեր չունենք, հատկապես, որ համոզված ենք, որ դու ընդամենը քո վերադասի հրամանն ես կատարում»,- գրել է Դավիթ Խաժակյանը։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն անդրադարձավ գրառմանը, նշելով, որ Խաժակյանի հրապարակմանը ծանոթ է և ցավում է, որ երիտասարդ քաղաքական գործիչը, որը Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է, փորձում է իրեն կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ:

«Կարծում եմ, երբ մարդը հայտարարություն է անում, պետք է վստահ լինի, որ կա նման բան, ինքը թող գնա ու շարունակի նկարվել Միքայել Մինասյանի կայքի համար, խոսի իշխանությունների, իմ ու Նիկոլ Փաշինյանի դեմ: Թող չփորձի ինձ կապել որևէ մեկի հետ, բազմիցս իմ քայլերով ապացուցել եմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, վարչապետից, այլ մարդկանց հետ ինձ կապելը սին գործ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս