Ուշադրություն. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 11-ի ժամը 16:44-ից մինչև փետրվարի 12-ի ժամը 13:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց:
«Գորիսի ՃՇՇ» և «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ներն իրականացնում են ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:
Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների՝ նշված հատվածում բուքը սկսվել է փետրվարի 12-ի ժամը 01:15-02:20-ի սահմաններում, ժամը 10:00-ի դրությամբ քամու ուժգնությունը կազմել է 20 մ/վ: Ըստ նախնական կանխատեսումների՝ բուքը կշարունակվի մինչև ժամը 17:00-ն:
Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցներ, իսկ շտապօգնության անհրաժեշտություն չի առաջացել:
Փետրվարի 11-ի ժամը 19:10-ից փակ են Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, փետրվարի 12-ի ժամը 05:00-ից՝ Վարդանյաց լեռնանցքը, ժամը 10:40-ից՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Փետրվարի 12-ի ժամը 12:40-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից փրկարարները դուրս են բերել ընդհանուր թվով 170 տրանսպորտային միջոց և 279 մարդ՝ տեղափոխելով Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին և Սիսիան-Իշխանասար հատվածում տեղակայված առաջին օգնության ժամանակավոր հենակետեր: Փրկարարները քաղաքացիներին ապահովել են տաք ըմպելիքներով: Քաղաքացիների մի մասը տեղափոխվել է տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղ ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Հարգելի´ քաղաքացիներ.
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր ինչ բարելավվելու դեպքում: