«Ես չեմ ուզում մասնակցել պետության դեմ հանցագործությանը». Դավիթ Հարությունյանը՝ «Ոչ»-ի ճամբարի մասին
Քննարկումներ կունենանք եվրոպական կառույցների հետ՝ Վենետիկի հանձնաժողով, ԵԺԿ և այլն: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին իշխանության ներկայացուցիչները սահմանադրական փոփոխությունների հարցով եվրոպական կառույցների հետ քննարկումներ ունենալո՞ւ են, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ «Ոչ»-ի ճամբար չստեղծելու մասին հարցին, Հարությունյանը նշեց՝ նրանք, ովքեր կարծում են, որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանն ուղղված հանրաքվեն ոչ թե հակասահմանադրական է, այլ բովանդակային խնդիր, կարող են «Ոչ»-ի ճամբար ձևավորել:
«Իսկ ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ, չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը»,- ընդգծեց արդարադատության նախկին նախարարը՝ հիշեցնելով, որ ժամանակին իրենք էլ կարող էին տրվել գայթակղությանը, երբ ՍԴ-ում կային դատավորներ՝ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից աշխատող:
«Եվ եթե մենք կարծեինք, որ տեսականորեն կարելի է այդ ուղղությամբ, գուցե լիներ մեծ գայթակղություն Սահմանադրության մեջ գրելու՝ բոլոր դատավորները պետք է զրոյից նշանակվեն: Դա հնարավորություն կընձեռեր ՀՀԿ-ին, որն ուներ մեծամասնություն, դե ֆակտո ունենալ ՀՀԿ-ի կողմից նշանակված ՍԴ դատավոր: Բայց չգնացինք այդ ճանապարհով»,- շեշտեց Հարությունյանը: