Քննարկվել են կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման եւ վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնեցին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից: 

Երկուստեք կարեւորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով երկու կառույցն էլ ունեն գործառույթներ, որոնց առավել սահուն եւ արդյունավետ իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանքների կանոնակարգում։

Հանդիպմանը քննարկվել են չգրանցված, կասկած հարուցող, օրենքի խախտմամբ ներմուծված կամ կեղծված դեղերի հետ կապված տեղեկատվության փոխանակմանը, արձանագրված խնդիրների դեպքում արագ արձագանքմանն առնչվող հարցեր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում այսօրինակ հարցերի շուրջ տեղեկատվությունը միմյանց տրամադրել համաձայնեցված ձեւաչափով՝ առավել համակարգված եւ առավել սեղմ ժամկետերում։

ԱԱՏՄ ղեկավարն ընդգծել է փոխգործակցությունը ճիշտ ուղու վրա դնելու կարեւորությունը՝ շեշտելով, որ դեղերի ներմուծումից մինչեւ իրացման շղթա խնդիրների հայտնաբերումն ու բացառումն առաջին հերթին բխում է հանրության շահերից։

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարը կարեւոր է համարել դիտարկել նաեւ այն խնդիրները, որոնք կարող են ենթադրել օրենսդրական փոփոխություններ։  

Առաջիկայում նման հանդիպումների ընթացքում եւս կքննարկվեն երկու կառույցների լիազորություններից եւ գործառույթներից բխող քայլերը։

Տեսանյութեր

Լրահոս