ԱԺ-ն ընդունեց բժշկի կասկածի դեպքում պացիենտի մասին հաղորդում տալը պարտականություն սահմանող նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որով առողջապահության ոլորտում հստակեցվում են մի շարք հասկացություններ, սահմանվում հստակ լիազորություններ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախագծով առաջարկվում է գործող օրենքի հասկացությունները լրացնել նոր սահմանումներով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պարտականություն սահմանվել է բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ՀՀ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, եթե ԲԿ տեղափոխված պացիենտը գիտակցությունը կորցրած վիճակում է կամ ունի որոշակի վնասվածքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել բռնի կամ հակաօրինական գործողություն: Բարեփոխման արդյունքում ԲԿ-ները հստակ կունենան այն ծավալը, որի դեպքում պետք է հաղորդում ներկայացնեն ոստիկանություն:
Սահմանվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը և գործունեության ապահովմանն ուղղված դրույթներ:
Հստակեցվել են «բժշկական գաղտնիք» հասկացության իրավական բովանդակությունը, դրա փոխանցմանը և մշակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես բժշկական գաղտնիքի փոխանցման պայմանները: Նախատեսվել է ստեղծել բուժաշխատողների ընդհանուր ռեգիստր, որի ստեղծման և վարման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:
Գործող օրենքի «Մարդու իրավունքները բժշկական օգնության և սպասարկման բնագավառում» գլուխը վերանվանվել է «Մարդու` պացիենտի իրավունքները և պարտականությունները` բժշկական օգնության և սպասարկման ոլորտում»: Այսպիսով, զերծ մնալով «հիվանդ» հասկացության օգտագործումից, օրենքում ներառել են «պացիենտ» հասկացությունը: ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտներին առավել որակյալ, արագ և մատչելի սպասարկում կազմակերպելու նպատակով օրենքով ամրագրվել են հեռաբժշկություն ծառայության կազմակերպման վերաբերյալ դրույթներ: Ամրագրվել է լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ, ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել կարգավորելու լաբորատոր ցանցի համակարգի հետ կապված հարաբերությունները:
Նախագիծը նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 111 կողմ ձայն: