Apple-ն առաջ է անցել Samsung-ից և առաջատարն է դարձել կիսահաղորդիչների գնման ցուցանիշով
2019 թվականին Apple-ն առաջ է անցել Samsung-ից եւ դարձել աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն պատվիրատուն: Այդ մասին վկայում են Gartner հետազոտական ընկերության վերլուծաբանների կատարած հաշվարկները: Հարավկորեական ընկերությունը նախորդ երեք տարիների առաջատարն էր այդ ցուցանիշով։
Համաշխարհային շուկայում Apple-ի բաժինն անցյալ տարի կազմել է 8,6 տոկոս՝ Samsung-ի 8 տոկոսի դիմաց: Երրորդ տեղում, չնայած ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական պատերազմին, մնացել է չինական Huawei-ը՝ 5 տոկոս բաժնով: Համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալն ընկել է 11,9 տոկոսով՝ մինչեւ 418,3 մլրդ դոլար: «Թոփ-5-ի ցուցակը 2019 թվականին չի փոխվել, բայց բոլոր ընկերությունները կրճատել են չիպերի գնման ծախսերը,-նշում է Gartner-ի ավագ վերլուծաբան Մասացունե Յամաջին:-Հիմնական պատճառը դարձել է հիշողության չիպերի արժեքի կտրուկ անկումը»:
Առաջատարների տասնյակում նաեւ տեղ է գտել տայվանյան Hon Hai Precision Industry Co.-ն (Foxconn Technology)՝ հետ մղելով Kingston Technology-ին:
Անցյալ տարի թոփ-10-ին բաժին է ընկել գլոբալ ծախսերի 39,5 տոկոսը՝ 2018 թվականի 39,9 տոկոսի համեմատությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: