Փետրվարի 3-ից 9-ը հայտնաբերվել է ոչ սթափ 62 վարորդ
Փետրվարի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 52 մեքենա։ 42-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 26, թաղանթապատված դիմապակիով` 79 տրանսպաորտային միջոց։
Ի դեպ, փետրվարի 8-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Դրա կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունն արտակարգ ռեժիմով իրականացրեց ուժեղացված հատուկ ծառայություն և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում: Ծառայության են դուրս եկել ճանապարհային ոստիկանության 380 ծառայողներ:
Նրանք ոչ միայն ապահովել են անվտանգ երթևեկություն, այլև համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ, օգնել են ձնաբքի մեջ հայտնված վարորդներին:
Փետրվարի 8-ին զոհերով ու վիրավորներով որևէ լուրջ պատահար չի արձանագրվել: