«Մեսսին կարող էր խաղալ Պրեմիեր լիգայի կամ այլ լիգայի բարձրակարգ ակումբում՝ առանց որևէ խնդրի»․ Կակա
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական կիսել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
– Դրսից դժվար է դատել մի բան, որը դու չգիտես: Ես չգիտեմ, արդյո՞ք Մեսսին ցանկանում է հեռանալ, կամ պարզապես փորձում է պաշտպանել թիմակիցներին՝ որպես ավագ:
Աբիդալը ակումբում պաշտոն ունի, և նա խոսում է՝ որպես մարզական տնօրեն:
– Կարո՞ղ է Մեսսին, բացի «Բարսելոնայից», խաղալ որևէ այլ ակումբի համար:
– Ես այդպես եմ կարծում: Նա կարող էր հեշտությամբ խաղալ Պրեմիեր լիգայում կամ աշխարհի լավագույն երեք լիգաներից որևէ մեկի բարձրակարգ ակումբում՝ առանց որևէ խնդրի։
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է նա ուզում: Դժվար թե պատկերացնեք նրան այլ ակումբում, բայց նա կարող էր ինքն իրեն ասել՝ լավ, ես պետք է գնամ ինչ-որ բան փոխելու, նոր փորձ ձեռք բերելու: Ես կլինեմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մեկ այլ թիմում:
Երբ Ռոնալդուն հեռացավ «Ռեալից», տխուր էր, շատերը ցավում էին նրա հեռանալու համար: Բայց ես կարծում եմ, որ այդ ժամանակ բոլորը հասկացան, որ դա նորմալ է, նրա համար սա ևս մեկ մարտահրավեր է, և նա պետք է առաջ շարժվի:
Հիշեցնենք, որ այժմ կրկին քննարկվում է Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալը։ Իրավիճակը սրվեց նախկին թիմակցի հետ բախման արդյունքում, ով այժմ ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն է: Երեքշաբթի օրը ֆրանսիացին հարցազրույց տվեց Diario Sport-ին, որում նա պատմեց Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկության մանրամասները: Հարցազրույցում նա հայտարարել է, որ «շատ խաղացողներ գոհ չէին Վալվերդեից և այդքան էլ լավ չէին աշխատում»:
Մեսսին, որը միշտ պաշտպանում էր նախկին մարզչին, բարկացավ և անսպասելիորեն խոսեց հրապարակավ։ Նա ասաց, որ պետք է նշել կոնկրետ անուններ, որպեսզի երկրպագուներն ամեն ինչ չբարդեն իր վրա։
Սիրարփի Աղաբաբյան