«Կյարա» փոթորկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արևմուտքում
«Կյարա» հզոր փոթորկի կապակցությամբ փետրվարի 10-ին գնացքների ու ինքնաթիռների հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նաեւ ընդհատվել է լաստանավային հաղորդակցությունը Լա-Մանշի նեղուցով՝ Մեծ Բրիտանիայի Դուվրի եւ Ֆրանսիայի Կալեի միջեւ:
Հաղորդվում է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայան (ծանրաբեռնվածությամբ Եվրոպայի երրորդ օդային հանգրվանն է) եւ այնտեղից 240 չվերթների չեղարկման մասին:
Բելգիայի իշխանություններն իրենց հերթին 60 չվերթ են չեղարկել դեպի Բրյուսել եւ այնտեղից: 120 չվերթ են չեղարկել Գերմանիայի Դյուսելդորֆի օդանավակայանում: Օդային երթեւեկության գրաֆիկի հետ կապված խնդիրներ են դիտվում Բեռլինում, Մյունհենում, Մայնի-Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Հաննովերում: Անբարենպաստ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայում առանց լույսի է մնացել 12 հազար, Իռլանդիայում՝ 10 հազար տուն:
Մեծ Բրիտանիայում օդերեւութաբանները բնակչությանը նախազգուշացրել են հեղեղման վտանգի մասին, իսկ Ֆրանսիայում եւ Իռլանդիայում իշխանությունները խորհուրդ են տվել բնակչությանը՝ զգուշավորություն պահպանել առափնյա շրջաններում փոթորկալի ալիքների ու հեղեղումների վտանգի պատճառով: Ուելսի հյուսիս-արեւելքում «Կյարա»-ի քամու պոռթկումները հասել են ժամում 150 կիլոմետրի, իսկ Ֆրանսիայի հյուսիսում՝ 140 կիլոմետրի: