«Վանեցյանը կարող է լինել այն փնտրվող ընդդիմադիր լիդերը, որի շուրջ կարող են լինել որոշակի կոնսոլիդացիաներ». Վիգեն Հակոբյան
«Այժմ Վազգեն Մանուկյանը չի ընկալվում՝ որպես լիդեր, բայց եթե քաղաքական ինչ-որ ձևաչափում կանգնում է այդ օրվա լիդերի կողքին՝ առնվազն իր փորձով նրան ուժեղացնում է։ Այս համատեքստում, կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը լինելու է ընդդիմադիր քաղաքական դաշտում, այնտեղ լինելու է որոշում ընդունողներին մոտ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիգեն Հակոբյանը՝անդրադառնալով հարցին, թե Վազգեն Մանուկյանը քաղաքական դաշտում ի՞նչ հնարավորություններ կարող է ունենալ և ի՞նչ կարող է անել։
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, Վիգեն Հակոբյանը նշեց.
«Վերջինս կարող է լինել այն փնտրվող ընդդիմադիր լիդերը, որի շուրջ կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ, կոնսոլիդացիաներ։Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտում այս պահին գլխավոր խնդիրներից մեկը հենց նոր, խարիզմատիկ, ռեսուրսային լիդերի բացակայությունն է։ Նա ունի արտաքին կապեր և դրանք չի թաքցնում, չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում ի հայտ կգան նաև այլ կապեր։
Ըստ իս, Վանեցյանը դեռ պետք է կայանա ոչ միայն՝ որպես քաղաքական գործիչ, այլև՝ լիդեր։ Նրա հանդիպումը տպագիր ԶԼՄ-երի խմբագիրների հետ բավականին հետաքրքիր ձևաչափ էր, ամեն դեպքում այդ ամենում ստատուսային ինչ-որ բան կար, սա նոր բան էր։ Հիմա, երբ նա արդեն հայտարարել է, որ մտնելու է քաղաքական դաշտ, դա թույլ է տալու նրան սկսելու քաղաքական կոնսուլտացիաներ, դեռ կտեսնենք, ամեն դեպքում, նա հաստատուն քայլերով առաջ է գնում»։
Քաղտեխնոլոգը նաև խոսեց Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակից և անդրադարձավ այն կարծիքներին, որ իշխանություններն իրենց բոլոր ռեսուրսներն օգտագործեցին, որպեսզի բարձրացնեն Հրայր Թովմասյանի վարկանիշը և նրան դարձնեն հանրային դեմք։
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ իշխանությունները ոչ միայն Հրայր Թովմասյանին դարձրեցին հանրային դեմք, այլև այնպես արեցին, որ Վազգեն Մանուկյանը զբաղվի ակտիվ քաղաքականությամբ։
«Հրայր Թովմասյանն իսկապես դարձավ քաղաքական գործոն, եթե նա հանրաքվեի արդյունքում հանկարծ պաշտոնանկ լինի, ապա պարզ է, որ դրանից հետո մտնելու է քաղաքական դաշտ՝ լուրջ հնարավորություններով։ Նույնը վերջին «մասկի շոուների» դեպքում էր, երբ մարդկանց էին բերման ենթարկում և ինքնըստինքյան նրանց վարկանիշը բարձրացնում։ Մնում է հասկանանք՝ այս ամենը իշխանությունը հասկանալո՞վ է անում, թե՞ էմոցիաների տակ այդպես է ստացվում»,- ընդգծեց նա։