Կոկուսներ Այովայում. քաոս ձայները հաշվելիս և արդյունքների բացակայություն
ԱՄՆ-ի Այովայի նահանգում փետրվարի 3-ին տեղի են ունեցել Դեմոկրատական կուսակցության կոկուսներ՝ ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուներին նախագահական մրցարշավին մասնակցելու համար եւ անցկացնում բաց քվեարկություններ: Այովայի նահանգը դարձել է առաջինը, որտեղ տեղի են ունեցել կոկուսներ, բայց այստեղ ի հայտ են եկել մի ամբողջ շարք տեխնոլոգական խնդիրներ, տեղեկացնում է BBC-ին:
Ըստ դեմոկրատների հայտարարության՝ ձայները հաշվելիս հայտնաբերվել են «հակասություններ», թեեւ, կուսակցությունում պնդում են, որ ձայների հաշվման աննախադեպ ուշացումը համակարգչային «կոտրանքի» արդյունք չի եղել: Ի վերջո կոկուսների կազմակերպիչները չեն կարողացել ժամանակին հրապարակել քվեարկության արդունքները եւ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա:
Քանի որ պաշտոնական թվերը հայտնի չեն, կուսակցության թեկնածուներն սկսել են ներկայացնել քվեարկության արդյունքների իրենց վարկածները: Այսպես, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի շտաբը հայտարարել է Այովայում իր թեկնածուի հաղթանակի մասին՝ վկայակոչելով «ներքին տվյալները»:
Սանդերսի շտաբի տվյալներով՝ նա առաջ է անցել Ինդիանայի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչից: Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը հայտնել է, որ դեմոկրատներն արտակարգ հեռուստախորհրդակցություն են անցկացնում թեկնածուների շտաբների հետ: Ջո Բայդենի շտաբն արդեն վրդովվել է կազմակերպիչների գործողություններից: