Ինչո՞ւ է վարչապետն այդքան շատ խոսում ՀԴՄ կտրոնի մասին. Քոչարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ կիրակի օրն ընտանիքով գնացել էին Արցախ՝ որդուն՝ Աշոտին տեսության, ճաշել էին ճամփեզրի ռեստորանում, որից հետո, երբ վճարել է հաշիվը, պարզվել է, որ ՀԴՄ կտրոն իրեն չեն կարողանում տրամադրել։ Վարչապետը ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել էր՝ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորի հացն է ուտում։

Վարչապետի  գրառմանն արձագանքել էր ռեստորանի սեփականատեր Արշակ Զաքարյանը՝ պարզաբանելով, որ ՀԴՄ կտրոն տպող սարքն այդ պահին չի աշխատել, բայց այդ խնդիրն ավելի ուշ կարգավորվել է։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որքան էլ կարևոր լինի ՀԴՄ կտրոնի տրամադրումը, միևնույն է՝ իր համար անընդունելի է, որ դրա մասին անընդհատ խոսում է երկրի վարչապետը։

«Ինձ համար արդեն էլ վարչապետի վարկանիշի մասին խոսակցությունները կարևոր չեն, կարևոր է հարցը, թե ինչո՞ւ է ՀԴՄ կտրոնի մասին այդքան շատ խոսում վարչապետը։ Կարծում եմ, որ նա գրառում անելուց առաջ պետք է գոնե պարզեր, որ այդ ռեստորանում վճարը հաստատագրված չէր, պարզելուց հետո  նոր գրառում աներ։ ՀԴՄ պահանջելու առումով համաձայն եմ, բայց ինձ համար անընդունելի է, որ վարչապետն այդ մասին կարող է խոսել ամեն օր, կառավարության ամեն նիստի ժամանակ։ Չէ՞ որ պետք է հրահանգն այդ մասին տա ու հետո  դա պահանջի, և  ոչ թե՝ ամեն օր, ամեն ժամ դրա մասին խոսի»,- ասաց  Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս