Մոուրինիոն ասուլիսի ժամանակ պատասխանել է սեփական հարցերին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մամուլի ասուլիսում իրեն մի քանի հարց է ուղղել տրանսֆերային պատուհանի վերաբերյալ և պատասխանել է դրանց:
«Առաջին հարցը՝ դուք սպասո՞ւմ եք որևէ խաղացողի մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: Առաջին պատասխանը՝ ոչ:
Եկեք շարունակենք: Երկրորդ հարցը՝ դուք գո՞հ եք այս տրանսֆերային պատուհանից: Այո, ես գոհ եմ:
Երրորդ հարցը՝ դուք չե՞ք ուզում ստորագրել հարձակվող»,- ասաց Մոուրինիոն՝ լրագրողների ծիծաղին զուգահեռ։
Դրանից հետո լրագրողներից մեկը սկսեց հարց տալ. «Այսպիսով, սպասո՞ւմ եք որևէ խաղացողի …»:
Հարցը նույնպես ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ։
Մոուրինիոն հետո խոստովանեց, որ կցանկանար կազմում տեսնել նոր հարձակվող, բայց քիչ հավանական է, որ ակումբն ավելի շատ խաղացողներ ձեռք բերի հարձակման համար:
«Այո, հարձակվողի հետ ավելի լավ կլինի: Այո, հարձակվողը մեզ համար օգտակար կլիներ թիմի ամրապնդման համար, քանի որ երեք տարբեր մրցաշարերում մենք բախվելու ենք լուրջ մարտահրավերների: Բայց մենք ուզում ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք չեն լուծի այսօրվա կամ վաղվա խնդիրները, այլ անել մի բան, որը նույնպես օգուտ կտա ապագային: Օրինակ՝ Ստիվեն Բերգվեյնը, այնպես չէ՞: Սթիվեն: Դժվար է անունը: Ես նախընտրում եմ Սթիվին: Սա լավ խաղացող է, ով այժմ օգտակար է մեզ համար, բայց լավ է ապագայի համար, այն ուղղության համար, որով մենք ցանկանում ենք շարժվել:
Հաշվի առնելով ձմեռային պատուհանի բարդությունը՝ դժվար էր գտնել այն առաջադեմին, ով լավ է ոչ միայն՝ անհապաղ առաջադրանքների լուծման, այլև՝ ապագա թիմի համար: Այնպես որ, հնարավոր է՝ մենք դա չենք անի»,- ասել է պորտուգալացին:
Սիրարփի Աղաբաբյան