Ինչու է թիվ 195 դպրոցում տեղադրված հերոսների ցուցատախտակից հեռացվել 3 հերոսների լուսանկարները. Պարզաբանում է Երևանի 195 դպրոցի տնտեսվարը

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Պետրոսյանն իր էջում գրել էր, որ Երևանի 195 դպրոցում տեղադրված հերոսների ցուցատախտակից, որտեղ եղել են Արցախի հերոսների նկարները, մի քանիսը հանվել են. «Հիմա այստեղից հանել են 3 հերոսի նկար։ Համոզված եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե ում նկարները չկան։ Հերիք չի՝ պատմություն եք կեղծում, քլունգն առել ու քանդում եք Հայ եկեղեցու, հայկականության ու հայ գենի հետ կապված ամեն ինչ»,- գրել էր նա։

168.am-ի հետ հեռախոսազրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը հավաստիացրեց, որ նկարները վնասվել էին, հանել են, որպեսզի կարգի բերեն և կրկին տեղադրեն ցուցատախտակի վրա։

«Ասում են, թե 3 նկար է հանվել այնտեղից, բայց 7 նկար է հանվել։ Դպրոցում Մասիս սարի նկար ունենք, դա էլ էր վնասվել, ինչ-որ մարդու են կանչել, որ այդ նկարն էլ վերականգնի։ Ինձ չեն ասել, թե կոնկրետ ում նկարներն են հանել ու որոնք են հանել, միայն ասել են, որ նկարները տարել են վերանորոգելու։ Հիմա կկանչեմ մեր տնտեսվարին, թող նա ասի, թե ում նկարներն են»,- ասաց Անահիտ Պողոսյանը։

Դպրոցի տնտեսվարն էլ տեղեկացրեց, որ նկարները վնասվել են 2018 թվականին, երբ Հայաստանում հեղափոխության ժամանակ երեխաները պատից հանել են Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը, մյուս նկարներն էլ հետը վնասել են։

«Այդ նկարները կվերանորոգենք ու կտեղադրենք ցուցատախտակի վրա, մենք այդ նկարները մեծ սիրով ենք տեղադրել։ Այդ նկարներն այժմ ինձ մոտ են, սպասում ենք՝ վերանորոգեն։ Խնդրում եմ, այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չփնտրեք, Սերժ Սարգսյանի նկարի հետ միասին, այդ նույն պատից հանել ենք Սասուն Հարությունյանի և այլոց նկարները, որոնք վնասվել էին»,- նշեց մեր զրուցակիցը։
Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս