«ՀՀ վարչապետը չի կարող չկիսել Արցախի մոտեցումը, որովհետև դա հրամայական է». Դավիթ Բաբայան

«Ակնկալել, որ Արցախյան հիմնահարցին շուտափույթ կարգավորում է լինելու՝ շատ վաղաժամ է»,- 168TV «Ռեվյու» հաղորդման եթերում այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր ղեկավար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ժնևում օրերս կայացած Մնացականյան-Մամեդյարով երկօրյա հանդիպմանը:

Նա նշեց, որ առհասարակ ցանկացած հանդիպում ողջունում են, որովհետև այդ հանդիպումները կարևոր դերակատարություն ունեն  խաղաղ գործընթացի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման համար:

«Ակնկալել, որ շուտափույթ կարգավորում է լինելու, ըստ իս, շատ վաղաժամ է, որովհետև հակամարտությունն ինքնին շատ բարդ է, կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, և բոլորը հասկանում են, որ կարգավորել այնպես, ինչպես հանրությունը սպասում է, պարզապես անհնարին է, հետևաբար՝ կարգավորման միայն մեկ տարբերակ է մնում, պահպանել ստատուս-քվոն: Սա վատ բան չէ, սա պարզապես իրականություն է, այլընտրանք չկա, եթե հնարավոր չէ տեղաշարժ կատարել, ավելին՝ ցանկացած տեղաշարժ կարող է բերել ավելի վատ և անկանխատեսելի հետևանքների: Բնական է, որ այս իրավիճակում երևի թե միակ ողջամիտ և ռեալ տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է, ինչին նպաստում են այսպիսի հանդիպումները»,- նման կարծիք հայտնեց Դավիթ Բաբայանը:

Նա պարզաբանեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և կողմերի հնգակողմ հայտարարության մեջ տեղ գտած կոնֆիդենցիալության անհրաժեշտության սկզբունքը՝ նշելով, որ, երբ խոսում ենք բանակցային գործընթացի մասին, մանավանդ, երբ չկա որևէ տեղաշարժ, ինչ-որ տեղ պետք են կոնֆիդենտ միտումները, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն:

«Բացի դրանից, արդեն այն, ինչ պետք էր, ամեն տեղ հայտարարվել է՝ և՛ Մադրիդյան սկզբունքների, և՛ մնացած սկզբունքների մասին: Եթե խոսում են կոնֆիդենտ ձևով բանակցությունները շարունակելու մասին, նշանակում է, որ միգուցե արդեն փորձում են հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, չի բացառվում: Միգուցե կա այլ տարբերակ, միգուցե պարզապես պետք է ինչ-որ մի ինտրիգ պահել, որովհետև, կրկնում եմ, հիմնական շեշտը դրվում է ստատուս-քվոյի պահպանման վրա: Առհասարակ ակնկալել տեղաշարժեր, առավել ևս՝ տարբերակների բարձրաձայնում, որոնք իրատեսական չեն փաստորեն, տվյալ դեպքում լավագույն տարբերակն այն է, որ զուսպ ձևով շարունակվի գործընթացը»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ իրենք մտածում են, որ չի կարող լինել ինչ-որ թաքուն գործընթաց, որովհետև դա անիմաստ է: «Չեն կարող լինի սեպարատ պայմանավորվածություններ, արցախադավ, իսկ արցախադավ՝ դա կլինի հայադավ, դա կլինի ՀՀ-ի՝ հայոց պետականության կործանում, եթե Հայոց պետականության արցախյան հատվածը կործանվի: Սա ակնհայտ է: Չի կարող այդպիսի բան լինել, որովհետև դա այնպիսի պոռթկում կառաջացնի, որ մենք նույնիսկ չենք պատկերացնում: Եթե ոչ իրատեսականորեն լինի՝ դա կբերի կործանման»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ նախ պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական հարցերը, Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, իրենք՝ Ադրբեջանը, հստակեցնեն սահմանները, բոլոր հարցերը քննարկվեն, այնուհետև միայն խոսեն մարդասիրական հարցերի մասին՝ փախստականների, տեղահանվածների վերադարձի և այլ հարցերի շուրջ:

«Բայց կա նաև երկրորդ կարևոր նախապայմանը, որ էթնիկ ադրբեջանցիները չեն կարող վերադառնալ Արցախ, եթե հայերը չվերադառնան Ադրբեջան: Որևէ խտրականություն չի կարող լինել»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ հանրաքվեի անցկացման հարցում ևս Արցախն ունի իր հստակ մոտեցումը, Արցախում տեղի են ունեցել մի շարք հանրաքվեներ:

Խոսելով ՀՀ վարչապետի այն պնդման մասին, թե Հայաստանի և Արցախի մոտեցումները 100 տոկոսով նույնական են՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ, եթե ՀՀ վարչապետն ասում է, որ տարբերություն չկա, ուրեմն՝ խոսենք Արցախի դիրքորոշման մասին:

«Արցախն ասում է հետևյալը, որ՝ մեզ համար չկա վերադարձ անցյալին, չկա ոչ տարածքային, սահմանային, կարգավիճակի առումով: Եթե սա համընկնում է, ուրեմն վարչապետը կիսում է նաև այս մոտեցումը: Չի կարող չկիսել, որովհետև սա հրամայական է, այլ տարբերակ չի կարող լինել: Այլ տարբերակը տանելու է կործանման»,- ասաց Բաբայանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս